1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծում են անկախ միավորում` Անդրկովկասյան կոմիսարիատ:
1918 թ. Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը` բոները 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով, որոնց վրա առաջին անգամ հայտնվում են նաև հայերեն մակագրություններ: Հայ դրամագետները վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ:
1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև` 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում` «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 20-ին Խորհրդային Հայաստանի իշխանություններն ընդունեցին դեկրետ, համաձայն որի` ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը համարվեց պարտադիր: Միևնույն ժամանակ, դեկրետով չէր արգելվում տեղական դրամանիշերի թողարկումը:
1921 թ. շրջանառության մեջ են դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը, իսկ ավելի ուշ` 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները:
1922 թ. թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են, և շրջանառության մեջ են դրվում 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը:
1922 թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 միլիոն, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի արժողությամբ թղթադրամները:
1922 թ. վերջին ԱՍԽՀՖՄ վերափոխվում է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որի թողարկումները թվագրվում են 1924 թ-ով:
1924 թ. թողարկվում են 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, սակայն 10 միլիարդ ռուբլիանոց թղթադրամը, ինչպես և 1923 թ. թվագրված 1 չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը շրջանառության մեջ չեն դրվում:
1924 թ. դրամական բարեփոխմամբ որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխարինելու մասին: