Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ:
Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են:
Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.):
Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:
Հաջորդ արքաների ժամանակ հիմնականում թողարկվել են պղնձե դրամներ։ Հելլենիստական հայկական դրամների պատկերագրությունն ու ոճն ամբողջովին համահունչ էր ժամանակաշրջանի ոգուն. դիմերեսին միապետի դիմապատկերն էր, դարձերեսին` դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսը` հունարեն գրերով:
Արտաշեսյան հարստության անկման ժամանակաշրջանում թողարկվել են Արտաշատ մայրաքաղաքի դիցուհի Տիխվեի պատկերով քաղաքային պղնձե դրամներ, որոնց եզակի օրինակները խոսում են Արտաշատում դրամահատարանի առկայության մասին։
Արշակունյաց հարստության ժամանակներից (66-428 թթ.) դրամներ, որոշակիորեն, հայտնի չեն: Արշակունիների իշխանության սկզբնական շրջանում՝ Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության դրամներով:
III դարի կեսերից սկսած Հայաստանում հայտնվում են Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջից՝ նաև Բյուզանդական կայսրության դրամները:
VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, սահմանափակ քանակով, ոսկե դինարներ:
X դարի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները և պղնձե ֆոլիսները, որոնք տարածաշրջանում կատարում էին հիմնական դրամական միավորի դեր: XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ մահմեդական տիրակալների մետաղադրամները:
Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կյուրիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ:
XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ:
Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։
XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում Թամար թագուհու պղնձե դրամները: XIII դարի կեսից սկսած` Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:
XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ:
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները: Առաջին անգամ սկսում են կիրառվել կայսերական թղթադրամները, իսկ փետրվարյան հեղաշրջումից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները: