Սա հետաքրքիր է

Դրամաշրջանառությունը Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միությունում 1923-1924

1922 թվականի մարտի 12-ին Անդրկովկասյան Խորհրդային երեք հանրապետությունների կառավարությունների միջև կնքվեց պայմանագիր Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) կազմավորման վերաբերյալ:


1923 թվականի հունվարի 10-ին որոշվեց թողարկել միասնական անդրկովկասյան դրամանիշեր: Իրականացվեց դրամական բարեփոխում, ըստ որի՝ երեք հանրապետությունների դրամանիշերը փոխարինվում էին միասնական նմուշի անդրկովկասյան դրամանիշերով: Փոխանակման համար սահմանվել էին ժամկետներ՝ 1923 թվականի հունվարի 10-ից մինչև ապրիլի 10-ը: Առաջին փուլով շրջանառության մեջ մտան 1923 թվականի նմուշի 1.000, 5.000, 100.000, 500.000 և 1.000.000 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը: Նույն թվականին՝ ավելի ուշ, շրջանառության մեջ մտան նաև հետևյալ թողարկումները՝ 10.000, 25.000, 250.000 և 5.000.000 ռուբլի անվանական արժեքներով: Դեկտեմբերին թողարկվեց նաև 10.000.000 ռուբլին:


ԱՍԽՀՖՄ 1000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ
ԱՍԽՀՖՄ 1000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ



ԱՍԽՀՖՄ 10.000.000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ
ԱՍԽՀՖՄ 10.000.000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ


1922 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՍԽՀՖՄ-ն վերակազմավորվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ԱՍՖԽՀ), որն էլ հետագայում շրջանառության մեջ դրեց 1924 թվականով թվագրված իր դրամանիշերը: Դրանք թողարկվել են երեք շարքով: Առաջին շարքի թղթադրամները՝ 25.000.000, 50.000.000 և 100.000.000 ռուբլի անվանական արժեքներով, շրջանառության մեջ են մտել, համապատասխանաբար՝ 1924 թ. հունվարի 1-ից, փետրվարի 15-ից և մարտի 15-ից: Թղթադրամներն ունեն նույն ձևավորումը և գրեթե կրկնում են 1923 թվականի նմուշի թողարկումները: Առաջին շարքի թողարկումների տպագրությունն իրականացվել է Մոսկվայում:


ԱՍՖԽՀ առաջին շարքի 50.000.000 ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ
ԱՍՖԽՀ առաջին շարքի 50.000.000 ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ



ԱՍՖԽՀ առաջին շարքի 100.000.000 ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ
ԱՍՖԽՀ առաջին շարքի 100.000.000 ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ


Երկրորդ շարքի թողարկումներն էին 75.000.000 և 250.000.000 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը: Վերջիններս իրենց չափսերով և ձևավորմամբ ամբողջովին տարբերվում են բոլոր նախորդ թողարկումներից: 75.000.000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշը տպագրվել է Մոսկվայում և շրջանառության մեջ դրվել 1924 թ. Փետրվարի 15-ին, իսկ 250.000.000 ռուբլին տպագրվել է Թիֆլիսում և շրջանառության մեջ դրվել մարտի 20-ին: Պատրաստվել էր նաև 50.000.000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի նմուշ, որը, սակայն, չի թողարկվել և շրջանառության մեջ չի դրվել:


5.jpg

ԱՍՖԽՀ երկրորդ շարքի չթողարկված դրամանիշ




Երրորդ շարքի թողարկումները ներկայացված են 1 և 10 միլիարդ անվանական արժեքներով: Այս երկու թողարկումները նույնատիպ են և իրենց ձևավորմամբ տարբերվում են 1-ին և 2-րդ շարքի թողարկումներից: Դրանց տպագրությունն իրականացվել է Բաքվում: 1 միլիարդ ռուբլին շրջանառության մեջ է դրվել 1924 թվականի ապրիլի առաջին կեսին: Ըստ տեղեկատվությունների՝ 10 միլիարդ ռուբլին շրջանառության մեջ չի մտել:


ԱՍՖԽՀ երրորդ շարքի 1 միլիարդ  ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ
ԱՍՖԽՀ երրորդ շարքի 1 միլիարդ ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ



ԱՍՖԽՀ երրորդ շարքի 10 միլիարդ ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ
ԱՍՖԽՀ երրորդ շարքի 10 միլիարդ ռուբլի անվանականա արժեքով դրամանիշ


ԱՍՖԽՀ ղեկավարության որոշմամբ 1924 թվականի ապրիլի 14-ից անդրկովկասյան դրամանիշերի պատրաստումը դադարեցվում է, իսկ ապրիլի 15-ից արգելվում շրջանառության մեջ դրանց բացթողումը: