Սա հետաքրքիր է

Դրամաշրջանառությունը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում 1920-1922 թթ

1920 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, և երկիրը հռչակվեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Հայաստանում խորհրդային իշխանության առաջին դեկրետներից մեկով 1920 թվականի դեկտեմբերի 20-ից շրջանառության օրինական վճարամիջոց հայտարարվեցին նաև ՌԽՖՍՀ թողարկումները:

Մինչ նոր թղթադրամները կպատրաստվեին, շրջանառության մեջ դրվեցին մինչ-խորհրդային Հայաստանի Հանրապետության պետական բանկի Երևանյան բաժանմունքի՝ 1919 թվականի նմուշ չեկը՝ 10.000 ռուբլի անվանական արժեքով: 1921 թվականի օգոստոսին շրջանառության մեջ մտավ խորհրդային դրամանիշերի առաջին թողարկումը՝ 10.000 ռուբլի անվանական արժեքով: Թղթադրամի ձևավորումը կատարել էր նկարիչ Սիմոն Նալբանդյանը:

ՀՀ պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկ
ՀՀ պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկ

1922 թվականի մարտի 5-ից շրջանառության մեջ մտավ 5.000 ռուբլին, որը թվագրված էր 1921 թվականով: Այս դրամանիշի ձևավորումը կատարել էր նկարիչ և ճարտարապետ Գաբրիել Տեր- Միքելովը: 1922 թվականի մարտին թողարկվեցին 25.000 ռուբլի, իսկ մինչև տարվա վերջ՝ նաև 100.000, 1.000.000 և 5.000.000 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը: 100.000 ռուբլիանոց դրամանիշը ձևավորել էր նկարիչ Հակոբ Կոջոյանը:

ՀԽՍՀ դրամանիշ
ՀԽՍՀ դրամանիշ

Թողարկված դրամանիշերի հետ միաժամանակ, 1922 թվականի ապրիլին շրջանառության մեջ դրվեց նաև 1922 թվականով թողարկված 5.000.000 ռուբլի անվանական արժեքով պարտագիրը: Այն միակողմանի է, և բոլոր մակագրությունները միայն հայերեն են:

ՀԽՍՀ դրամանիշ
ՀԽՍՀ դրամանիշ

1921 թվականի նմուշի 5.000 և 10.000 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերի գրությունները հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն և ֆրանսերեն են: Դրանք տպագրվել են ինչպես ջրանիշեվ, այնպես էլ առանց ջրանիշի թղթի վրա:

Դրամանիշի դիմերեսին Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի և ֆինժողկոմի տեղապահ Ե. Երզնկյանի ստերագրություններն են:

1922 թվականի ՀԽՍՀ դրամանիշերի ձևավորումը կատարվել է հավաքական սկզբունքով՝ տարբեր նկարիչների կողմից, այդ պատրճառով պատկերագրությամբ, ոճով ու չափսերով դրանք շատ տարբեր են: Դրամանիշերի տպագրության որակը ցածր է, իսկ միևնույն դրամանիշի չափսերը երբեմն տարբերվում են:

1922 թվականի դրամանիշերի մակագրությունները հայերեն և ռուսերեն են, իսկ դիմերեսին ֆինժողկոմի և գանձապահի (Ս. Մերնենկո) ստորագրություններն են: 5.000, 10.000 և 1.000.000  ռուբլի անվանական արժեքով թղթադրամները թողարկվել են առանց անհատական համարի, իսկ 25.000 և 100.000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշերի վրա միայն սերիայի համարն է: Ամենամեծ՝ 5.000.000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամն ունի ամբողջական անհատական համար: 10.000 ռուբլի անվանական արժեքով դրամանիշը թողարկվել է տարբեր գույների՝ վարդագույն, կարմիր, նարնջագույն:

ՀԽՍՀ դրամանիշ
ՀԽՍՀ դրամանիշ

1923 թվականն է նշված մեկ չերվոնեց անվանական արժեքով պարտագրի վրա: Պարտագիրը վերջնական տեսքով տպագրվել էր անհատական համարի մասնակի նշումով՝ միայն սկզբնատառերը: Սակայն, 1923 թվականից Անդրկովկասի տարածքում միասնական դրամական համակարգին անցնելու հետևանքով, պարտագրի անհրաժեշտությունը վերացավ, և այն շրջանառության մեջ չմտավ: Պարտագրի վրա բոլոր գրությունները հայերեն են: Դիմերեսին Պետական բանկի վարչության երեք անդամների և հաշվապահի ստորագրություններն են: Պարտագրի ձևավորման հեղինակն է նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը: