Սա հետաքրքիր է

Հատուկ գիտություն. դրամագիտություն

Գիտություն, որը «ստիպում» է մետաղադրամներին «խոսել»


Մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում մեզ մոտ առկա կանխիկ փողին: Շատ հաճախ մեզ միայն  անհանգստացնում է, թե որքան ենք տալիս կամ հետ ստանում:


Կա այսպիսի մի գիտություն, որը հետաքրքրվում և ուսումնասիրում է դրամներին առնչվող հարցերը. այն կոչվում է դրամագիտություն (անգլերեն՝ numismatics)՝ գիտություն դրամների մասին (հունարեն «նոմոս» բառից, այսինքն՝ օրենք, օրինական վճարամիջոց և դրանից ածանցյալ «նոմիզմա»՝ հին մետաղադրամների տեսակ):


Մետաղադրամները պատմական տեղեկատվության յուրօրինակ աղբյուր են. դրանք «անցյալի վկաներն» են, որոնք պատմում են պատերազմների և բարեփոխումների, տնտեսության,  պետության անկախության համար մղված պայքարի մասին, մարդկանց ճակատագրերի, պատմության մասին, որը թաքնված է մեզնից դարերի խորքում:


Դրամագիտությունը ուսումնասիրելով պատմական մետաղադրամները բազմաթիվ բացահայտումներ է անում, որոնք առնչվում են պատմությանը, գրականությանը, լեզվաբանությանն ու արվեստին, տնտեսագիտությանն ու քաղաքականությանը, նույնիսկ մաթեմատիկային, ֆիզիկային, քիմիային:


Այն մասնագետը, որը զբաղվում է դրամագիտությամբ, ուսումնասիրում է դրամանիշեր, կատարում եզրահանգումներ դրանց մասին, կոչվում է դրամագետ:


Դրամանիշ բառը ընդհանրական է մետաղադրամ, թղթադրամ, հուշադրամ, ներդրումային դրամ բառերի համար:


Դրամագետները հետազոտողներ են, ովքեր ուսումնասիրում են այն ամենը ինչն առնչվում է մետաղադրամներին. դա և՛ պատմական ժամանակաշրջանն է, և՛ իրադարձություններն են, որոնք կապված են մետաղադրամների հատման (պատրաստման) հետ, մետաղադրամների վրա առկա պատկերներն են, մակագրությունները, խորագրերը և առանձին նշանները, մետաղադրամների տեխնիկական տվյալներ (քաշը, տրամագիծը, հաստությունը և այլն), պատրաստման տեխնոլոգիաները, դրանց շրջանառության տարածքն  ու ժամանակահատվածը:


 Հավաքորդություն. դրամագիտության «օգնական»


Դրամագիտության զարգացմանը մեծապես օգնում ու նպաստվում է մետաղադրամների հավաքումը, հավաքածուների ձևավորումը, այսինքն՝ հավաքորդությունը (ռուսերեն՝ коллекционирование):


Հավաքորդն այն անձն է, որը զբաղվում է նույնատիպ առարկաներ հավաքելով, ով դասակարգում և ուսումնասիրում է հավաքված նյութը:


Մարդիկ հավաքել են մետաղադրամներ դրանց ստեղծման օրվանից սկսած՝ պայմանավորված վերջիններիս արժեքավոր լինելու հանգամանքով: Գոյություն ունեն հավաքորդության պատմական և հնագիտական ​​ապացույցներ՝ սկսած անտիկ ժամանակաշրջանից:


Մետաղադրամների որոշ հավաքորդներ հետաքրքրվում և հավաքում են այնպիսի մետաղադրամներ, որոնք ունեն սխալներ, շեղումներ կամ թերություններ, կամ հանդիսանում են պատրաստման խոտան: Նրանք կարող են աճուրդներից եզակի մետաղադրամներ գնել, մասնակցել դրամագիտական ցուցահանդեսներին:


Մետաղադրամի չափանիշները


Ցանկացած մետաղադրամ ունի դիմերես և դարձերես, ինչպես նաև կողային մաս, որը կոչվում է «դրամաշուրթ»:


Մետաղադրամի դիմերեսը անվանում են նաև «ավերս» լատիներեն adversus բառից է՝ «դեմքով շրջված»: Հայերեն խոսակցական լեզվում մետաղադրամի դիմերեսի համար գործածվում է «ղուշ» բառը:


Մետաղադրամի դիմերեսը ընդունված է համարել պետության խորհրդանիշներ կրող  կողմը՝ տիրակալի դիմապատկեր, զինանշան, մակագրություն և այլն (տե՛ս նկ. 1, նկ. 2, նկ. 3):


Նկ. 1. Տիգրան Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) արծաթե մետաղադրամի դիմերեսը


Նկ. 1. Տիգրան Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) արծաթե մետաղադրամի դիմերեսը



Նկ. 2. ՀՀ շրջանառու մետաղադրամների դիմերեսները
Նկ. 2. ՀՀ շրջանառու մետաղադրամների դիմերեսները



Նկ. 3. ՀՀ հոբելյանական մետաղադրամ «Չարենց-100» դիմերեսը


Նկ. 3. ՀՀ հոբելյանական մետաղադրամ «Չարենց-100» դիմերեսը



Երբ ժամանակակից ՀՀ դրամների վրա բացակայում է պետության զինանշանի պատկերը, ապա դիմերեսը համարվում է մետաղադրամի այն կողմը, որի վրա առկա են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  գրառումները (տե՛ս նկ. 4, նկ. 5):


Նկ. 4. ՀՀ հիշատակային շրջանառու (50 դրամ անվանական արժեքով) մետաղադրամների դիմերեսը
Նկ. 4. ՀՀ հիշատակային շրջանառու (50 դրամ անվանական արժեքով) մետաղադրամների դիմերեսը



Նկ. 5. ՀՀ հիշատակային շրջանառու (200 դրամ անվանական արժեքով) մետաղադրամների դիմերեսը

Նկ. 5. ՀՀ հիշատակային շրջանառու (200 դրամ անվանական արժեքով) մետաղադրամների դիմերեսը





Մետաղադրամի դիմերեսի հակառակ կողմը դարձերեսն է, որն անվանում են նաև «ռեվերս» լատիներեն revertor բառից` «ես հետ եմ շրջում»: Հայերեն խոսակցական լեզվում մետաղադրամի դարձերեսի համար գործածվում է «գիր» բառը:


Մետաղադրամի դարձերեսին կարող են պատկերված լինել մակագրություններ, գրառումներ, այլ պատկերներ (տե՛ս նկ. 6, նկ. 7, նկ. 8):



Նկ. 6.  Տիգրան Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) արծաթե մետաղադրամի դարձերեսը


Նկ. 6. Տիգրան Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) արծաթե մետաղադրամի դարձերեսը



Նկ. 7. ՀՀ շրջանառու մետաղադրամների դարձերեսը
Նկ. 7. ՀՀ շրջանառու մետաղադրամների դարձերեսը



Նկ. 8. ՀՀ հոբելյանական մետաղադրամ «Չարենց-100» դարձերեսը


Նկ. 8. ՀՀ հոբելյանական մետաղադրամ «Չարենց-100» դարձերեսը



Մետաղադրամի կողային մասը դրամաշուրթն է (առաջացել է հին անգլերեն «gyrdan» բառից, հայերեն՝ «ամրակապել»): Այն կարող է ունենալ տարբեր ձևավորում. կարող է լինել հարթ, ատամնավոր, գրառմամբ և այլն (տե՛ս նկ. 9):


Նկ. 9. Մետաղադրամների դրամաշուրթի օրինակներ
Նկ. 9. Մետաղադրամների դրամաշուրթի օրինակներ


Մետաղադրամի դրամաշուրթի ստեղծման պատմությունը


Պատմությունը հետևյալն է. ի սկզբանե մետաղադրամի արժեքը հավասար էր մետաղի քանակին, որն այն պարունակում էր: Դրամանենգերը հաճախ  կտրում էին մետաղադրամի եզրերը՝ հավաքելով ոսկի և արծաթ: Դրա դեմ պայքարելը գրեթե անհնար էր՝ չէ ո՞ր ամեն մեկը իր մոտ կշեռք չէր պահում, իսկ աչքաչափով հստակ որոշելն անհնար էր: Մետաղադրամների կողային հատվածում կտրվածքների/ատամների առկայությունը վկայում էր մետաղադրամի եզրերը տաշված, պոկված, վնասված չլինելու մասին:  


Այսօր էլ դրամաշուրթը մետաղադրամի պաշտպանական հատկանիշներից է:


Արդյո՞ք տեղյակ եք ՀՀ շրջանառու մետաղադրամների (2003-2004 թթ. թողարկումներ) դրամաշուրթի վրա տեղակայված ատամների քանակի մասին.


10 դրամ՝ 93 ատամ, 50 դրամ՝ 100 ատամ, 100 դրամ՝ 105 ատամ, 200 դրամ՝ 112 ատամ, 500 դրամ՝ ատամնավոր ընդհատվող (4 x 13 ատամ):


20 դրամ անվանական արժեքով մետաղադրամի դրամաշուրթը հարթ է:


Դրամագետի աշխատանքը


Դրամագետը իր աշխատանքի ընթացքում օգտագործում է հետևյալ գործիքները՝ խոշորացույց (մետաղադրամները մանրամասն ուսումնասիրելու համար), նրբունելի՝ պինցետ (զննվող մետաղադրամները չվնասելու համար ), կշեռք (մետաղադրամի քաշը որոշելու համար),  հատուկ կարգին (մետաղադրամի չափը, տրամագիծը պարզելու համար), բամբակե կտորից ձեռնոցներ (ուսումնասիրվող մետաղադրամներին խնամքով վերաբերվելու, չվնասելու համար): 



Միշտ չէ, որ հին մետաղադրամը դառնում է դրամագետի ուշադրության առարկա: Այն պետք է լինի յուրօրինակ, ինչպես նաև լավ պահպանված:


Բարդ և երկարատև է դրամագետի դեպի գիտական եզրահանգումների հասնելու ճանապարհը:


Առանձին համացուցակ-կատալոգներ են նվիրված մետաղադրամներին: Դրամագետները կազմում են կատալոգներ, որտեղ ներկայացվում են մետաղադրամների նկարագրությունը, դրանց վրա եղած պատկերների և գրառումների նկարագրությունը, տեխնիկական չափանիշերը (քաշ, տրամագիծ, թանկարժեք մետաղի հարգը և այլն): Դրամագետը քրտնաջան աշխատանքով «ստիպում է» մետաղադրամներին «խոսել», համապատասխան եզրահանգումեր կատարում:


Եթե ունեք հին մետաղադրամ, մի շտապեք դրանից զարդ պատրաստել, կարող եք վնասել և փչացնել այն:


Մետաղադրամի արժեքը բարձր կլինի այն դեպքում, եթե այն լավ է պահպանված, բայց ոչ միայն՝ կարևոր է նաև թե ինչքանով է այն հազվագյուտ:


Դրամագիտության հետ համատեղ  զարգանում է նաև բոնիստիկան (ռուսերեն՝ бонистика)՝ գիտություն որն ուսումնասիրում է թղթադրամները կամ բոները (բոներ՝ շրջանառությունից դուրս բերված թղթադրամներ):




Գիտելիքների ամփոփում



  1. Մետաղադրամի «ավերս»

  2. Մետաղադրամի «ռեվերս»

  3. Ո՞ր բառն է հանդիսանում ընդհանրական բառ մետաղադրամների, թղթադրամների հուշադրամների համար

  4. Դրամանիշեր կեղծող

  5. Դրամագիտության «օգնական»

  6. Զբաղվում է մետաղադրամների ուսումնասիրությամբ

  7. Որպես կանոն պատկերվում է մետաղադրամի դիմերեսին

  8. Մետաղադրամ պատրաստել

  9. Դրամագետի աշխատանքային գործիք

  10. Գիտություն, որին առնչվում է դրամագիտությունը

  11. Քանի՞ ատամ ունի ՀՀ շրջանառու 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը

  12. Մետաղադրամի կողային մասը

  13. Թղթադրամներ ուսումնասիրող գիտություն

  14. Գիտություն, որը «ստիպում է» մետաղադրամներին «խոսել»