Սա հետաքրքիր է

Հայկական թղթադրամի 100-ամյա պատմությունը

Առաջին համաշխարհային պատերազմը նպաստեց մի շարք երկրների տնտեսական, քաղաքական, պատմական անկմանը, ինչպես նաև այդ երկրների դրամական համակարգերի՝ ֆինանսական քաոսում հայտնվելուն: Աշխարհի քաղաքական քարտեզին տեղ գտան նոր պետություններ, իսկ որոշ պետություններ անհետացան: Դրանց հետ պատմություն դար­ձան այդ պետությունների դրամական միավորները, ինչպես նաև հայտնվեցին նոր դրա­մական միավորներ: Այդ նոր դրամական միավորներից էր նաև Հայաս­տանի առաջին հանրապե­տու­թյան արժույթը (պաշտոնական անվանումը՝ ռուբլի), որը թողարկվել է միայն թղթադրամ­նե­րի տեսքով. մետաղադրամներ չեն թողարկվել:

Պատմական ի՞նչ իրադարձությունների արդյունքում ֆինանսական շուկայում հայտնվեց նոր արժույթը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանից փաստացիորեն անջատ­ված Անդրկովկասում 1917 թ. նոյեմբերին ստեղծվեց միասնական անկախ կառույց` Անդրկովկասյան կոմի­սարիատը, որի կենտրոնը Թիֆլիսն էր: Կոմիսարիատը կազմվեց անդրկովկասյան երեք հիմ­նական ազգերի՝ հայերի, վրացիների և կովկասյան թուրքերի (1936 թ. մայիսից` ադրբեջանցիներ) ներկայացուցիչներից: 1918 թ. փետրվարին Ֆինանսների նախարարու­թյունը (ֆինանսների նա­խարար՝ Խաչատուր Կարճիկյան) թողարկեց դրամանիշեր, որոնք կոչվում էին բոներ:

Անդրկովկասյան բոների նկարագրությունը

Անդրկովկասյան կոմիսարիատի բոները թողարկվել են 1, 3, 5, 10, 50, 100 և 250 անվանական արժեքներով և թվագրվում են 1918 թվականով: Բոների վրա կան ազգային տարրեր, նախշեր ու զարդանախշեր: Փոքր անվանական արժեք ունեցող բոները՝ 1 և 3 ռուբլիները, ուղղահայաց դասավորություն ունեն, իսկ մյուսները՝ հորիզոնական: Մեծ անվանական ար­ժեք ունեցող բոները գունավոր ձևավորմամբ են:

Բոների վրա մակագրությունները չորս լեզուներով են՝ ռուսերեն, հայերեն, վրա­ցերեն ու ադրբեջաներեն:

1918թ․1 ռուբլի անվանական արժեքով բոն, դիմերես, դարձերս

 
Անդրկովկասյան կոմիսարիատի բոների էսքիզների հեղինակն էր ճանաչված ճարտարա­պետ Գաբ­րիել Տեր-Միքելովը

(Գ. Տեր-Միքել­յան): Գաբրիել Տեր-Միքելովի նախագծով էր Թբիլի­սիում կառուցվել է նաև Վրաստանի Պետբանկի շենքը:

1918թ․5 ռուբլի անվանական արժեքով բոն, դիմերես, դարձերս

1918 թ. մայիսին Անդրկով­կաս­յան կոմիսարիատը լուծար­վեց և Անդրկովկասի տարած­քում անկախ հանրապետություն­ներ հռչակվեցին: Հայաստանն ան­կախ հանրապետություն դար­ձավ 1918 թ. մայիսի 28-ին:

ՀՀ ֆինանսների նախարա­րությունը որոշեց նոր դրամանի­շեր թո­ղարկել: Այդ խնդիրը լուծելու հա­մար անհրաժեշտ էին ինչպես ժա­մանակ, այնպես էլ ֆինանսական միջոցներ: Դրամական կանոնա­վոր շրջանառության ապահովման համար որոշվեց շրջանառության մեջ դնել Պետական բանկի Երևանի բաժանմունքի ժամանակավոր չեկերը: Միևնույն ժամանակ, շրջանառությունում մնացին նաև Անդրկովկասյան կոմիսարիա­տի բոները:

Առաջին հայկական չեկերի նկարագրությունը 

Չեկերի առաջին խմբաքանակը թողարկվեց 1919 թ. օգոստոսին, նույնատիպ ձևավորմամբ, երկու չափի՝ ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի: Նախատեսված մարման ժամկետներն էին` 15.11.1919 թ. և 15.01.1920 թ.: Թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով: Բոլոր մակագրու­թյունները ռուսերեն էին: Միայն փոքր չափի միակողմանի չեկերի դիմերեսի վերևի երկու անկյուն­ներում էր անվանական արժե­քը նշված նաև հայերենով:

1919թ․10 ռուբլի անվանական արժեքով չեկ

Չեկերը պետք է ժամանակավոր օգտագործման լինեին և երեք ամիս անց փոխարին­վեին թղթադրամներով: Բայց դրանք շրջանառության մեջ մնացին նախատեսված ժամ­կետից ավելի, իսկ ծանր տնտեսական վիճակը ստի­պեց կտրուկ ավելացնել թո­ղարկման տպաքանակը:

Պետբանկի Երևանյան բա­ժանմունքի չեկերի էսքիզ­ների հեղինակն էր նկարիչ Գարեգին Լևոնյանը, իսկ չե­կերի թողար­կումն իրակա­նացվում էր Հա­յաստանի Հան­րապետության ներ­քին գոր­ծերի նախարարու­թյան տպա­րանում:

«Լոնդոնյան» ռուբլիների նկարագրությունը 

1920 թ. ամռանը շրջանառության մեջ մտան 1919 թ. թվագրված թղթադրամները` 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Թղթադրամների շարքը ձևավորել են Հակոբ Կոջոյանը (1883-1959) և Արշակ Ֆեթվաճյանը (1866-1947), իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում՝ «Վաթերլո և որդիներ» ("Waterlow and Sons Ltd") ընկերության կողմից:

Թղթադրամների հիմնական մակագրությունները հայերեն են, որոշ մակագրություններ՝ նաև ռուսերեն և ֆրանսերեն: Թղթադրամների ձևավորումներում օգտագործվել են ազգային պատկեր­ներ, տեսարաններ, զարդանախշեր:

Թղթադրամների վրա  վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի (1874-1945) և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի (1885-1938) ստորագրություններն են:

Դրամանենգության դեմ պայքարը Առաջին հանրապետությունում կանոնակարգվում էր օրենքով. սահմանված էին տաժանակիր աշխատանքներ, ընդհուպ՝ մահապատիժ:

1919թ․50 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դիմերես

50 ռուբլի թղթադրամի դիմերեսին պատկերված են թևավոր վիշապներ, որոնք խորհրդանշում են բարու և չարի մշտական պայքարը:

Թղթադրամի դիմերեսին անհատական համարանիշն է (օր.՝ Ա847409), թողարկման տարեթիվը՝ 1919 թ., ինչպես նաև հետևյալ գրությունները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «ՅԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ», «REPUBLIQUE ARMENIENNE», «50 ROUBLES 50», «РЕСПУБЛИКА АРМЕНИИ», «50 РУБЛЕЙ 50», «ԱՊԱՀՈՎՒԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ»:

1919թ․50 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դարձերես

50 ռուբլի թղթադրամի դարձերեսին նախշազարդեր են՝ բնորոշ Հայաստանի հին տաճարների պատերի բարձրաքան­դակ զարդանախշերին, ինչպես նաև «50 ՌՈՒԲԼԻ» գրառումը:

1919թ․100 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դիմերես

100 ռուբլի թղթադրամի դիմերեսին պատկերված է բիբլիական Արարատ լեռը, որը խորհրդանշում է կյանք, կայունություն, հավերժություն, ամրու­թյուն: Արարատ լեռան պատկերը կարևորում է Հայաստանի տարածքի դերը ողջ մարդկու­թյան կյանքում: Արարատ լեռան աստվածային լինելը ընդգծում են նաև թղթադրամի վերին անկյունների թռչնապատկեր­ները՝ որպես մնայունության, հավերժություն խորհրդանիշ­ներ: Թղթադրամի դիմերեսին նաև թղթադրամի անհատական համարանիշն է (օր.՝ Ա228558), թողարկման տարեթիվը՝ 1919 թ., ինչպես նաև հետևյալ գրությունները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «ՀԱՐԻՒՐ ՌՈՒԲԼԻ», «REPUBLIQUE ARMENIENNE», «100 ROUBLES 100», «РЕСПУБЛИКА АРМЕНИИ», «100 РУБЛЕЙ 100», «ԱՊԱՀՈՎՒԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ»:

1919թ․ 100 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դարձերես

100 ռուբլի թղթադրամի դարձ­երեսին սրով արծվի պատկերն է, որը, արևի շողերի ներքո, հաղթել է օձին՝ խորհրդանշելով ոգու հաղթանակը, հայ ժողովրդի դա­րերի պայքարը անկախու­թյան և պետականության համար: Զար­դանախշերի մաս են կազմում պատկերված սիրամարգերը, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, անմահություն՝ հայ ժողովրդի կրկին ձեռք բե­րած անկախությունը: Առկա են «100», «ՀԱՐԻՒՐ»  և «ՌՈՒԲԼԻ» գրառումները:

1919թ 250 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դիմերես

250 ռուբլի թղթադրամի դիմերեսի վերին մասում պատկերված են վիշապներ՝ որպես հարստության պահապաններ: Խորհրդա­նշա­կան իմաստով՝ հարստությունը երկրի դրամական միավորն է, նորաստեղծ պետության ֆինանսական համակարգը: Թղթադրամի երկու անկյուններում, շրջանակների մեջ, թղթադրամի անվանական ար­ժեքն է, շրջանակնե­րից ներքև՝ հրեշտակապետը տապալել է թևավոր օձին՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկախ պետականության վերածնունդը:

Թղթադրամի դիմերեսին պատկերված են նաև թղթադրամի անհատական համարանիշը (օր.՝ Ա136751), թողարկման տարեթիվը՝ 1919 թ., ինչպես նաև հետևյալ գրությունները.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «ԵՐԿՈՒ ՀԱՐԻՒՐ ՅԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ», «REPUBLIQUE ARMENIENNE», «250 ROUBLES 250», «РЕСПУБЛИКА АРМЕНИИ», «250 РУБЛЕЙ 250», «ԱՊԱՀՈՎՒԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ»:

1919թ 250 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ, դարձերես

250 ռուբլի թղթադրամի դարձերեսին տարազով նրբագեղ հայուհու պատկերն է՝ արևի ֆոնին, ով ճախարա­կով թել է մանում: Հայուհին բարիքների ստեղծման, հայ ընտանիքի հենասյան խորհրդանիշ է, իսկ արևը՝ Հայաստանի լուսավոր ապագան (ՀՀ կենտրոնական բանկը 1994 թ. նույն պատկերով արծաթե հուշադրամ է թողարկել՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապե­տության 250 ռուբլի անվանա­կան արժեքով թղթադրամի թողարկման 75-ամյակին):

Թղթադրամի դարձերեսի աջ հատվածում պատկերված է թևավոր առյուծ՝ իշխանու­թյան, հաղթանակի, ուժի խորհրդանիշ, որը երախում պահում է թղթադրամի անվանական արժեքով շրջանակը: Շրջանակի տակ 2 արծվառյուծներ են՝ որպես հարստության պահապաններ:

Դարձերեսին են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «250 ՌՈՒԲԼԻ», «ՀՀ», «ԵՐԿՈՒ ՀԱՐԻՒՐ ՅԻՍՈՒՆ» գրառումները:

1920 թ. նոյեմբերի վերջին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, և Հայաստանը հռչակվում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, որի կառավարության առաջին որոշումներից մեկով Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամ­ների շրջանառությունը դադարեցվում է, սակայն Անդրկովկասյան բոները և Հայաստանի Հանրա­պետության չեկերը որոշ ժամանակ շարունակում են շրջանառվել: