Դրամաշրջանառությունը Հայաստանի Առաջին Հանրապետությունում
1918 թվականի գարնան վերջին Անդրկովկասյան կոմիասարիատը լուծարվեց, և Անդրկովկասում ստեղծեց անկախ հանրապետություններ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Չնայած Անդրկովկասյան կոմիսարիատն արդեն գոյություն չուներ, անդրկովկասյան բոների թողարկումը շարունակվեց մինչև 1919 թվականի սեպտեմբեր ամիսը:
1919 թվականի սկզբին Ադրբեջանը, իսկ հուլիսից նաև Վրաստանը շրջանառության մեջ դրեցին իրենց ազգային արժույթը: Այսպիսի քաղաքական հանգամանքներում Հայաստանի Հանրապետությունը ևս ձեռնամուխ եղավ իր ազգաին արժույթի թողարկմանը: Քանի որ այդ ծրագրի իրագործման համար կպահանջվեին երկար ժամանակ և զգալի ֆինանսական միջոցներ, ուստի, դրամաշրջանառությունն ապահովելու և կարգավորելու նպատակով, դրամանիշերի թողարկումը հետաձգվեց, և որոշում ընդունվեց սկզբնական շրջանում թողարկելու Պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկեր:
Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը չուներ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ և համապատասխան տպագրական բազա: Չուներ նաև ազգային դրամանիշերի թողարկման այլընտրանք: 1919 թվականի օգոստոսի 22-ին, ֆինանսների նախարար Սարգիս Արարատյանի հրամանով, ստեղծվեց հատուկ վերահսկող հանձնաժողով՝ չեկերի տպագրության և թողարկման գործընթացն ապահովելու համար:
Պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկերի առաջին խմբաքանակը՝ 100, 500 և 1000 ռուբլի անվանական արժեքներով, թողարկվեց 1919 թվականի օգոստոսի 26-ին: Հետագայում թողարկվեցին 5, 10, 25, 50, 250, 5000 և 10 000 ռուբլի անվանական արժեքներով չեկեր: Դրանց տպագրությունն իրականացվեց Երևանում՝ ներքին գործերի նախարարության տպարանում: Նախատեսվում էր, որ այս չեկերը պետք է ժամանակավոր բնույթ կրեին և երեք ամիս հետո փոխանակվեին թղթադրամներով: Սակայն դա տեղի չունեցավ, չեկերը շրջանառության մեջ մնացին նախատեսված ժամկետից շատ ավելի երկար, իսկ տնտեսական ծանր վիճակը հարկադրեց չեկերի թողարկումը բազմակի մեծացնել, ինչն էլ վերջիններիս արժեզրկման պատճառը դարձավ:
Չեկերը տպագրվել են երկկողմանի և միակողմանի, երկու չափսի: Մակագրությունները ռուսերեն են: Միայն փոքր չափսի որոշ չեկերի վերին անկյուններում նաև հայերեն նշված է անվանական արժեքը:
Պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկերը շրջանառության մեջ մնացին մինչև 1921 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության թղթադրամները, որոնք թվագրված են 1919 թվականով, շրջանառության մեջ մտան 1920 թվականի ամռանը: Դրանք թողարկվել են 50. 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Դրանց ձևավորումը կատարել են նկարիչներ Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում՝ ՙWaterlow and Sons Ltd՚ ընկերության կողմից:
Այս թողարկումն առանձնանում է ինքնատիպ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի օգտագործմամբ, բարձր գեղարվեստական ճաշակով և տպագրության որակով: Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն առկա են նաև ռուսերեն և ֆրանսերեն մակագրություններ: Թղթադրամների դիմերեսին մինիստր-նախագահ Ալեքսանդր-Խատիսյանի և ֆինանսների մինիստր Գրիգոր Ջաղեթյանի ստորագրություններն են:
Թղթադրամները շրջանառության մեջ մտցվեցին հատուկ փոխարժեքով, նոր դրամանիշերի 1 ռուբլին հավասար էր 100 ռուբլու՝ Պետական բանկի Երևանյան բաժանմունքի չեկերով:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ/ֆաքս. (374-10) 56 37 61, (374-10) 59 27 83
էլ-փոստ. mcba@cba.am, visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am