Սա հետաքրքիր է

Դրամաշրջանառությունը Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության ժամանակաշրջանում

Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո փաստացի իշխանությունն անցավ Ժամանակավոր կառավարությանը: Երկիրը հայտնվել էր շատ ծանր կացության մեջ: Ժամանակավոր կառավարության առաջին քայլերից մեկը ներքին ՙԱզատության փոխառության՚ թողարկումն էր: Միաժամանակ շարունակում էին թողարկել Ռուսական կայսրության դրամանիշերը:

Ժամանակավոր կառավարության 1917 թվականի ապրիլի 26-ի հրամանագրով շրջանառության մեջ մտան 1917 թվականի նմուշի պետական վարկային տոմսերը՝ 250 և 1000 ռուբլի անվանական արժեքներով, որոնց դարձերեսին պատկերված էր Պետական դումայի շենքը: Բնակչությունը դրանք անվանում էր դումայի փողեր:

2.1 1917 թվականի նմուշի պետական վարկային տոմսեր
2.1 1917 թվականի նմուշի պետական վարկային տոմսեր

Ժամանակավոր կառավարության 1917 թվականի մայիսի 9-ի հրամանագրով իրականացվեց Ռուսական կայսրության 1909 թվականի նմուշ 5 ռուբլի անվանական արժեքով պետական վարկային տոմսերի վերաթողարկումը: Այս դրամանիշերը, ի տարբերություն նույնատիպ ավելի վաղ թողարկումների, չունեին անհատական համար. դրանց վրա նշված էր միայն սերիայի համարը:

Խորացող տնտեսական ճգնաժամը և մեծ չափերի հասնող արժեզրուկը, պահանջում էին նորանոր ֆինանսական միջոցներ:1917 թվականի օգոստոսի 23-ի հրամանագրով սկսվեց գանձապետական նիշերի թողարկումը: Գանձապետական նիշերը եղել են 20 և 40 ռուբլի անվանական արժեքներով, որոնք բնակչությունը անվանեց կերենկաներ: Դրանք տպագրվում ու շրջանառության մեջ էին մտնում չկտրտված ամբողջական թերթերով: Յուրաքանչյուր տպագրված թերթ բաղկացած էր 40 հատ գանձապետական նիշից:

Կայսրության ժամանակաշրջանում մետաղադրամները թողարկվում էին արծաթից և պղնձից: Ժամանակավոր կառավարության օրոք դրանց թողարկումները դադարեցվեցին, քանի որ արժեզրկման, ծանր տնտեսական կացության, պատերազմական գործողությունների և մետաղների գների բարձրացման հետևանքով մետաղադրամում պարունակվող մետաղի գինն ավելի էր, քան դրա անվանական արժեքը: Բնական է, որ այս պայմաններում բնակչությունն իր մոտ էր պահում մետաղադրամները, և դրանք չէր շրջանառվում:

Շրջանառության մեջ զգացվում էր մանրադրամի խիստ պակաս: Ժամանակավոր կառավարությունը որոշում ընդունեց թողարկել 1, 2 և 3 կոպեկ անանական արժեքներով մանրադրամների շարք՝ նամականիշների տեսքով: Այս թողարկման համար օգտագործվեցին Ռոմանովների տան 300-ամյա հոբելյանի առիթով տպագրված փոստային նամականիշները:  Այս դրամանիշերը կոչվեցին նամականիշ-փողեր:

2.2 Նամականիշ փողեր
2.2 Նամականիշ փողեր

Ժամանակավոր կառավարությունը ծրագրել էր թողարկել նաև 50 կոպեկ, 25, 50, 100, 250, 500 և 1000 ռուբլի անվանական արժեքներով պետական վարկային տոմսերի շարք: Սրանց պատրաստումն իրականացվում էր ԱՄՆ-ում: Սակայն վարկային տոմսերը տպագրվեցին և Ռուսաստան առաքվեցին միայն 1918 թվականին, երբ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունն այլևս գոյություն չուներ: