Սա հետաքրքիր է

Դրամաշրջանառությունը Ռուսական կայսրության ժամանակաշրջանում

1804-1813 թվականների առաջին ռուս-պարսկական և 1826-1828 թվականների երկրորդ ռուս-պարսկական պատերազմների հետևանքով Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից հետո Անդրկովկասի տարածքը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանը, ընդգրկվում են Ռուսական կայսրության կազմում: Արևելյան Հայաստանում շրջանառության մեջ են մտնում  Ռուսական կայսրության դրամանիշերը, այդ թվում, առաջին անգամ՝ նաև թղթադրամները:

Նիկոլայ I-ի օրոք Ռուսաստանում (1825-1855 թթ.) շրջանառվում էին պղնձե, արծաթե և ոսկե դրամներ: Թղթադրամներից, այդ ժամանակաշրջանում, օգտագործվել են պետական ասիգնացիաները:

1.1 Նիկոլայ I-ի արծաթե դրամ
1.1 Նիկոլայ I-ի արծաթե դրամ

Նշված ժամանակահատվածում թողարկվում են մետաղադրամների մի քանի տարբեր շարքեր և, այսպես կոչված, մեդալային դրամներ: 1832-1834 թվականների ընթացքում շրջանառության մեջ են դրվում ռուս-լեհական շարքի մետաղադրամները, որոնց անվանական արժեքը ներկայացված էր  երկուական արժույթով՝ ռուսական ռուբլով և լեհական զլոտիով:

1834 թվականին թողարկվել է արծաթե 1 ռուբլի՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդրովյան սյան տեղադրմանը: Նույն տարում թողարկվեց մեկ այլ արծաթե մեդալային դրամ՝ մեկուկես ռուբլի անվանական արժեքով, որը նվիրված էր Նիկոլայ I -ի գահակալման 10-ամյակին: Դրամագիտության մեջ այս թողարկումը հայտնի է ընտանեկան ռուբլի անվամբ: 1841 թվականին թողարկվեց հաջորդ մեդալային դրամը՝ ապագա կայսեր Ալեքսանդր II-ի ամուսնության կապակցությամբ: Ի տարբերություն նախորդների, այս արծաթե դրամի վրա նշված չէր անվանական արժեքը, սակայն բոլոր չափանիշներով համապատասխանում էր արծաթե ռուբլուն: Մեդալային մետաղադրամների ավանդույթը շարունակվում էր, և 1859 թվականին թողարկվեց արծաթե մեկ ռուբլի՝ նվիրված Նիկոլայ I-ի հուշարձանի բացմանը:

1828-1845 թվականներին, դրամահատության պատմության մեջ առաջին անգամ, թողարկվեց պլատինե դրամներ: Դրանք 3, 6 և 12 ռուբլի անվանական արժեքներով էին:

XIX դարի 30-ականների վերջին իրականացվեց նոր դրամական բարեփոխում, որով արծաթե ռուբլին դարձավ Ռուսական կայսրության հիմնական դրամական միավորը:

Այդ դրամական բարեփոխմամբ շրջանառության մեջ դրվեցին թղթադրամներ՝ պետական վարկային տոմսեր, որոնք ապահովված էին արծաթի փոխանակմամբ և շրջանառում էին արծաթե դրամներին հավասար: Դա հնարավոր եղավ գանձապետարանում հատուկ արծաթի հիմնադրամի ստեղծմամբ, որը կազմում էր թղթադրամների թղարկման գումարի 50 %-ը: Հիմնադրամը հնարավորություն տվեց արժեզրկված ասիգնացիաները փոխարինոլու պետական վարկային տոմսերով: Կարգավորվեց նաև թողարկված պնձե դրամների դերը շրջանառության մեջ. արծաթե ռուբլու կողքին դրանք սկսեցին հանդես գալ որպես մանրադրամ: Պղնձե մետաղադրամներում անվանական արժեքները արտահատված էին արծաթով:

Ալեքսանդր II-ի գահակալության (1855-1881 թթ.) սկզբում, Ղրիմի պատերազմի հետևանքով, տնտեսական իրավիճակը Ռուսաստանում վատանում է, և կառավարությունը պատերազմական ծախսերը փակելու համար կտրուկ մեծացնում է թղթադրամների թողարկումը: Դադարեցվում է պետական վարկային տոմսերի փոխանակումը արծաթե դրամներով: Ձեռնարկում են դրամաշրջանառության կարգավորման միջոցներ: Դրանցից մեկը արծաթե մանրադրամի հարգի իջեցումն էր: Փոփոխություններ տեղի ունեցան նաև պղնձե դրամներում:

Արծաթի միջազգային գների անկման պատճառով արծաթի նկատմամբ ոսկու գինն ավելացել էր մոտ երկու անգամ: Իրավիճակը կարող էր փոխվել միայն նոր դրամական համակարգի անցնելու դեպքում, որը հիմնված կլիներ ոսկու ռուբլու վրա:

1880-ականների սկզբից Ռուսաստանի կառավարության ջանքերն ուղղվեցին ոսկու պետական պաշարների մեծացմանը: Այդ միջոցառումները թույլ տվեցին իրագործել նոր դրամական բարեփոխում և անցնել ոսկու վրա հիմնված դրամական համակարգի: Առաջին քայլերից մեկը եղավ այն, որ դրամական շրջանառության մեջ թույլատրվեց ոսկու դրամական ազատ մուտքը:

Պետական բանկին վերապահովել էր թղթադրամների թողարկման մենաշնորհը: Ոսկու պաշարները երաշխավորում էին թղթադրամների ապահովվածությունը ոսկով: Նոր դրամական համակարգի հիմքում արդեն ոսկե ռուբլին էր: Ոսկե դրամները և թղթադրամները շրջանառվում էին հավասարապես, ընդ որում՝ թղթադրամները ենթակա էին փոխանակման ոսկե դրամներով՝ առանց որևէ սահմանափակման:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանի ֆինանսական համակարգը հայտնվեց ծանր վիճակում: Մեծացվեցին թղթադրամների թողարկման ծավալները, ինչը հանգեցրեց արժույթի արժեզրկման: 1914 թվականի հուլիսից դադարեցվեց թղթադրամների՝ ոսկե մետաղադրամներով փոխանակումը: Մանրադրամի խիստ պակասը բավարարելու համար 1915 թվականին թողարկվեց մանրադրամների շարք՝ նամականիշների տեսքով: Այս թողարկման համար օգտագործվեցին Ռոմանովների տան հոբելյանի առիթով տպագրված փոստային նամականիշները: 

1.1 Նիկոլայ I-ի արծաթե դրամ
1.2 Նամականիշ-փողեր

Շարունակվեցին նաև պետական վարկային տոմսերի թողարկումները: Դրանք թողարկվեցին 1, 3, 5, 10, 25, 50, 100 և 500 ռուբլի անվանական արժեքներով: Թղթադրամների զանգվածի մեծացմամբ կտրուկ ընկավ ռուբլու գնողունակությունը. 1917 թվականի սկզբին ռուբլին կորցրեց իր արժեքի 80 %-ը:

Այլ նորություններ