Սա հետաքրքիր է

Դրամաշրջանառությունը Անդրկովկասյան կոմիսարիատի ժամանակաշրջանում

Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասի տարածքը, որն այդ ժամանակ կազմված էր հինգ նահանգներից`  Քութայիսի, Թիֆլիսի, Բաքվի, Երևանի ու Ելիզավետպոլի,  ամբողջությամբ դուրս է գալիս Ռուսաստանի կայս­րության կազմից:  Նոյեմբերի 11-ին Թիֆլիսում կայացավ մի շարք քաղաքական կուսակցությունների խորհրդակցություն, որտեղ որոշում է ընդունվում ստեղծել տեղական տարածաշրջանային իշխանություն, որում ընդգրկվում են ազգային բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Այսպես ստեղծվում է Անդրկովկասյան կոմիսարիատը, որի կենտրոնն է դառնում Թիֆլիսը:

Կոմիսարիատում կազմավորվում են  համապատասխան կառույցներ, և ղեկավարության կողմից որոշում է ընդունվում  թողարկել նոր թղթադրամների շարք՝ Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ անվանումով: Մինչև նոր թղթադրամների պատրաստումը և թողարկումը, ամբողջ տարածաշրջանում շարունակում էին շրջանառել Ռուսաստանի կայսրության և Ռուսաստանի ժամանակավոր կառավարության թողարկումները: Դրամաթողարկման նպատակով ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, և թղթադրամների ձևավորման համար հայտարարվում է մրցույթ: 1918 թվականի հունվարի 6-ին կայացած մրցույթում, որին ներկայացվել էին 30-ից ավելի նախագծեր, հաղթող են ճանաչվում  ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի (Գ. Տեր-Միքելյան) կողմից կատարված ուրվագծերը: Անդրկովկասյան կոմիսարիատի բոները թողարկվել են 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա­նական արժեքներով, և բոլորը թվագրված են 1918 թվականով: Դրանք տպագրվել են Թիֆլիսի զինվորական շրջանի շտաբի տպարանում:

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

Անդրկովկասյան կոմիսարիատի բոներ

1918 թվականի փետրվարի 5-ին Թիֆլիսի պետբանկի գրասենյակի կողմից թողարկվեցին 100 ռուբլի, փետրվարի երկրորդ կեսին՝ 50 ռուբլի, իսկ հետագայում, հաջորդաբար՝ նաև 5, 10, 3 և 1 ռուբլի անվանական արժեքներով բոները:  Շարքի ամենամեծ անվանական արժեքով  դրամանիշը՝ 250 ռուբլին, թողարկվեց վերջինը:

Ինքնատիպ ու գեղեցիկ ձևավորված դրամանիշերի այս շարքում օգտագործվել են անդրկովկասյան ժողովուրդների զարդարվեստին բնորոշ տարրեր: Մակագրությունները չորս լեզուներով են` ռուսերեն, հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն:  1 և 3 ռուբլի անվանական արժեքներով բոները չունեն սերիայի համարներ:  Բարձր անվանական արժեքների բոների վրա նշված է միայն տառերից և թվանշաններից կազմված սերիայի համարը:  Բոների դիմերեսին Կոմիսարիատի նախագահի՝ Եվգենի Գեգեչկորու և ֆինանսների կոմիսարի՝ Խաչատուր Կարճիկյանի ստորագրություններն են: