Սա հետաքրքիր է

Վաղ բրոնզեդարյան պարուրաձև զարդերը` որպես ապրանքափողի տեսակ

Պարզունակ դրամների կամ ապրանք-դրամների պատմությունը գնում է դարերի խորքը։ Սակայն Հայաստանում դրանց ուսումնասիրությունը անուշադրության է մատնվել, որը բխում է ոչ միայն նյութի սակավությունից, այլև այդ հարցի նկատմամբ պակաս հետաքրքրությունից։

Հայտնի է, որ նախադրամային շրջանում ապրանքների գնային համարժեք էին հանդես գալիս անասունը և հացահատիկը: Մետաղի հայտնաբերման հետ միասին մետաղե առարկաները սկսում են ծառայել ոչ միայն իրենց բուն նպատակին, այլև հանդես գալ որպես ապրանքների գնահատման և հաշվարկման միջոց: Թանկարժեք մետաղների հայտնաբերման հետ միասին, ոսկին և արծաթը դառնում են ոչ միայն հասարակության վերնախավի բարձր կարգավիճակը շեշտող դրսևորումներ, տաճարներին զոհաբերվող հարկի ձևեր, այլև ձեռք են բերում փողի գործառույթներ՝ հանդես գալով որպես ապրանքափոխանակության հաշվարկային միջոց: Հին աշխարում ապրանքի բոլոր այն ձևերը, որոնք ունեին հաշվարկային նշանակություն միաժամանակ հանդիսանում էին փողի ոչ դրամական ձև: Ի վերջո փողը առաջին հերթին առաջացավ ապրանքի գինը հաշվարկելու նպատակով` այն ճիշտ և շահավետ փոխանակելու համար: Կարելի է ասել, որ թանկարժեք մետաղների հետ միասին հանդես են գալիս կանոնակարգված կշռային միավորները, որոնց անվանումները հետագայում ընկան դրամների անվանումների հիմքում:

Ընդունված է համարել, որ ապրանքադրամների կամ պարզունակ դրամների ամենատարածված ձևը եղել են ծովային խեցիները, որոնք ամենայն հավանականությամբ երկար ժամանակ լրացրել են արդեն գոյություն ունեցող փողի մյուս ձևերը՝ անասունը, հացահատիկը, մետաղը: Առ այսօր փորձ չի արվել հասկանալու, թե ինչու ծովային խեցին, որը որևէ նյութական արժեք չի ներկայացնում, կարող էր իր նշանակությամբ դասվել այնպիսի կարևոր ապրանքների շարքը, ինչպիսին հացահատիկը, անասունը և մետաղն էին հին աշխարհի մարդու կյանքում:

Մեր կարծիքով ծովային խեցիների օգտագործումը` որպես փոխանակման միջոց, պայմանավորված էր նրա ծիսապաշտամունքային նշանակությամբ: Խեցին, որն ուներ սակրալ իմաստ, ձեռք բերեց նաև հաշվարկային և փոխարկային նշանակություն` լայնորեն տարածվելով ամբողջ աշխարհում: Փորձենք տեսնել այն ծիսական և փոխարժեքային կապը, որը ընդհանրացնում էր խեցու բազմագործառույթ նշանակությունը:

Խեցիները կապվում էին կանացի սկզբի հետ՝ խորհրդանշելով պտղաբերություն: Չափազանց հետաքրքիր դիտարկում է արել Ա. Փիլիպոսյանը՝ կապված խեցիների հետ՝ ցույց տալով այն ընդհանրությունը, որ կա խեցու, կանացի սկզբի և կնիքի հետ: Բերելով բազմաթիվ օրինակներ` նա ցույց է տալիս, որ էնեոլիթյան և վաղ բրոնզեդարյան դամբարաններից գտնված կնիքների գերակշիռ մասը կանացի թաղումներից են: Անդրադառնալով տիպ բառի նշանակությանը, նա մեջբերում է Հր. Աճառյանի ստուգաբանությունը, որը տալիս է այդ եզրույթի մի քանի նշանակություն.

ա) կնիքի թողած հետք,

բ) կնիք կուսություն և իգական անդամ,

գ) ծովախեցի, խխունջ:

Ավելացնենք, որ Հր. Աճառյանը տալիս է ևս  մի բացատրություն՝ դրամի կնիք: Հայաստանի դամբարաններում դրանք նույնպես հայտնաբերվում են մեծ քանակությամբ, ինչպես, օրինակ, Լոռի Բերդում:

Շումերները, որպես առևտրականներ, ստեղծեցին չափ ու կշռի միավորները: Նրանք որպես դրամ օգտագործել են կոնաձև խեցու մեջտեղից հանված կտրվածքները, որոնք պարուրաձև տեսք ունեն: Հայտնի է, որ շումերական քաղաքակրթությունը որոշակի մշակութային ազդեցություն է թողել Եգիպտոսի վրա: Եգիպտոսում` որպես թողի տեսակ օգտագործել են մետաղյա կլորակներ` անցքով, որոնց հիմքը նույնպես պետք է համարել խեցու կտրվածքը: Արդեն Ք.ա. II հազարամյակում գրեթե բոլոր քաղաքակրթություններում տարածվում են նման առարկաները, որոնք այսօր գիտական աշխարհը համարում է դրամի նախնական ձևը: Հավանաբար, մետաղադրամի կլոր ձևը նույնպես պայմանավորված է խեցուց փողի այն տեսակով, որը ներմուծեցին Միջագետքի վաղ քաղաքակրթությունները:

Դրամագիտության մեջ ամենավաղ դրամի տիպը, որը ձվաձև է և պատկերի փոխարեն դաշտը գծազարդված է, հաճախ նույնացվում է կաուրի խեցու հետ: Կաուրի խեցու այդ տեսակը, որը հայտնի է Cyprea moneta անունով, պարզունակ դրամի ամենալայն օգտագործվող տեսակն է եղել:

Շենգավիթի և Մեծամորի պեղումներից հայտնաբերված մ.թ.ա. III հազարամյակի կեսերով թվագրվող պարուրաձև ոսկե զարդերը կշռային չափերով մոտ են Տրոյայից հայտնաբերված հերազարդերին, որոնք գրականության մեջ հայտնի են խեցիանման (shell shape) զարդեր: Զարդերի գերակշիռ մասի կշիռը տատանվում է 3.80գ-4.37գ, այսինքն համապատասխանում է կես սիկղ քաշին: Հետաքրքիր է, որ թե Մեծամորի, թե Շենգավիթի ոսկե պարույրները ունեն նույն քաշը` 4.25 գ.:

1.jpgՀայաստանի Միջին և Ուշ բրոնզեդարյան քրեղանի մի տեսակը, որը հնագիտության մեջ առավել հայտնի է ընկուզաձև բնորոշմամբ, հիշեցնում է unio երկփեղկավոր ծովախեցին` բացված վիճակում: Unio նշանակում է դրամի միավոր, ինչպես նաև մեկ միավորը զառով խաղի մեջ: Unio ընտանիքի ձվածիր խեցիները, որոնք մի կողմից գոգավոր են և սև, մյուս կողմից փոս են և սպիտակ, լայնորեն տարածված են նաև Հայաստանում և հաճախ են գտնվում բրոնզեդարյան դամբարաններից: Հունաստանում մինչև դրամի հանդես գալը վիճակ էին գցում unio տեսակի խեցիներով, որը վեր շպրտելով ասում էի «գիշեր թե ցերեկ»: Այս վիճակահանությունը հիշեցնում է դրամով վիճակ գցելը, որը հիմք է տալիս  մտածելու, որ նման խեցիները, որոնք լայնորեն տարածված են Հայաստանի ջրային ավազանններում, նույնպես փողի նշանակություն են ունեցել:

5.jpg

Հայաստանի վաղ բրոնզեդարյան հուշարձաններում հաճախ են գտնվում կիսալուսնաձև հիմքով և պարուրաձև վերջավորություններով կախիկներ (Գեղարոտ, Բերքաբեր), որոնց միջին քաշը նույնպես 4.25-4.50գ. է: Այս քաշը համապատասխանում է պարուրաձև զարդերի քաշին: Հետաքրքիր է, որ այս զարդերից, պատրաստված ոսկուց, հայտնի են Միկենյան մշակույթում, որոնք գրականության մեջ հայտնի են Papyrus Lily(իմա` ջրաշուշան):

Ք.ա III հազարամյակի այս երկու տեսակի զարդերի հիմքում, որոնք պարույրն է, հանդիպում են ոսկուց, արծաթից, բրոնզից, այսինքն, այսպես կոչված, դրամական մետաղներից: Հետաքրքիր է, որ անկախ մետաղի տեսակից, դրանք պատրաստված են որոշակի կշռային ստանդարտով: Ամենակարևորն այն է, որ դրանց տրամագիծը նույնպես ստանդարտ է և համապատասխանում է կոնուսաձև խեցու այն հատվածին, որոնք կտրվել և օգտագործվել են որպես պարզունակ դրամ: Պարուրաձև խեցիանման հերազարդերը (shell shape) պարտադիր մեկուկես շրջան են և պատրաստված են խեցու կտրվածքի նմանությամբ: Բնական է, որ այդ պարզունակ դրամները ունեցել են հաշվարկային նշանակություն, սակայն երբեմն հանդիպող դրանց ½ և ¼ քաշով տարբեր մետաղներից պարույրների առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք կարող էին հանդես գալ նաև փողի այլ գործառույթով` որպես գնի համարժեք` ունենալով տարբեր արժեք:

Հնագիտական նյութի համադրությունը գրավոր աղբյուրների հետ հիմք է տալիս ենթադրել, որ վաղագույն ժամանակներից թանկարժեք մետաղների համար ամենաշատ շրջանառվող կշռի միավորը եղել է կես սիկղը:

Ընդունված է համարել, որ նախադրամային շրջանում փողի նշանակությամբ ավելի շատ հանդես է եկել արծաթը: Բայց դի կարելի անտեսել նաև ոսկու դերը ինչպես առևտրական գործարքներում, այնպես էլ հարկային համակարգում: Այսպես` խեթական պետության մեջ անասունի արժեքը նշվում էր կես սիկղ (շեքել) արծաթով:

Իսկ, օրինակ, ամենամյա հարկը, որ խեթերին ենթակա թագավորներից մեկը վճարում էր, տրված է ոսկով՝ 300 կես սիկղ: Հրեական միջավայրում շեքելը և կես շեքելը տարբերակվում են առանձին եզրույթներով՝ ընդհանուր շեքել և սրբազան շեքել: Ընդհանուրի տակ հասկացվում էր ստատերը, իսկ սրբազան շեքելի տակ՝ կես շեքելը2: Սրբազան շեքելը, ըստ Աստվածաշնչի, տաճարին նվիրաբերվող դրամական միավորն էր։

Հին աշխարհում լայնորեն կիրառվող խեցու երկու տեսակներն էլ՝ կաուրին և կոնաձև խեցիները կապվում էին մայր աստվածուհու պաշտամունքի հետ ոչ միայն իրենց արտաքին ձևի հետ կապված, այլև այն պատճառով, որ դրանց բնակության վայրը ծովերն ու գետերն էին, այսինքն` ջուրը, որտեղից, ըստ բազմաթիվ ավանդությունների, ծագում էր մայր աստվածուհին: Աշխարհի շատ երկրներում գլխավոր գետերը կրում են մայր մակդիրը (Մայր Արաքս, Մայր Վոլգա): Այս պատկերացումները հետագայում իրենց արձագանքը գտան վաղագույն քաղաքակրթությունների դիցաբանական աշխարհընկալման մեջ: Պտղաբերության աստվածուհիների (Ինանա, Իշտար, Անահիտ, Աստարտա, Աֆրոդիտե) հիմնական խորնրդանիշերից մեկը դարձավ ծովային խեցին և մարգարիտը: Պտղաբերությունը խորհրդանշող աստվածուհիները կոչվում էին «Առավոտյան աստղ», «Ծովային աստղ»` հանդես գալով ծովայինների, առևտրականների հովանավոր: Ասորական պայմանագրերում արծաթի կշիռը երբեմն նշվում էր «Իշտարի գլուխներով», որից կարելի է ենթադրել, որ այդ ձուլակտորներն ունեին պտղաբերության աստվածուհի Իշտարի պատկերը: Այս դեպքում ևս մենք տեսնում ենք, որ որպես առևտրի հովանավոր հանդես է գալիս պտղաբերության աստվածուհին:

Պտղաբերության աստվածուհիների հետ էր կապվում նաև լուսնի պաշտամունքը` որպես արծաթ խորհրդանշող լուսատու: Այսպես` Հայաստանում հավատացել են, որ, եթե լիալուսնի ժամանակ դրամ ցույց տան լուսնին, ապա փողը կշատանա: Կ. Մելիք-Փաշայանը այդ սովորույթը իրավացիորեն կապում է Անահիտի պաշտամունքի հետ: Սասանյան ժամանակաշրջանի ժայռաքանդակներից մեկի վրա Անահիտ աստվածուհին պատկերված է գլխի հարդարանքով՝ զարդարված խեցի հիշեցզող պարուրաձև մանրամասներով:

Վասպուրականի կնոջ տարազի մասը կազմող գոգնոցի վրա կարում էին կաուրի ծովախեցիներ և կոճակներ, որոնք կոչվում էին օրոճիկ: Այդ առարկաները ունեին չարխափան նշանակություն և խորհրդանշում էին պտղաբերություն: Օրոճիկը որոջ բառի բարբառային ձևն է, որը նշանակում է 4 ամսեկանից մինչև մի տարեկան գառնուկ (agnus): Հնդեվրոպական ura (գառ, խոյ) արմատից են ծագում բազմաթիվ լեզուներում նույն արմատից կազմված բառերը, որոնք նշանակում են ապրանք (ware, vara, waru): Երբ Սոլոնը դրամական բարեփոխում իրականացրեց, շրջանառության մեջ մտցնելով 4.36 գ դրախմա արծաթե միավորը (հմմտ. վաղբրոնզեդարյան պարուրաձև առարկաների քաշի հետ), դրա փոխարժեքային գինը սահմանեց մեկ ոչխարը: Հրեաների մոտ կեսիթայ միավորի արծաթը մեկ գառան գինն էր: Կարելի է ենթադրել, որ ոչխարը համընդհանուր գնային մասշտաբ է հանդիսացել և համապատասանել է որոշակի կշռով դրամական միավորի (կես կամ սրբազան շեքել= մեկ դրախմա):

Հր․ Աճառյանը տալիս է որոճի հետևյալ բացատրությունը. «Ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնվում»: Որոճ բառը ստուգաբանում է ինչպես որոճալու նյութ, այնպես էլ գործ, բան` նույնացնելով լատիներեն ruminatio բառին,  որը նշանակում է որոճում, ծամում, նաև կրկնապատկում (բազմացում): Այն ծագում է հին իտալերեն rumis արմատից, որն ընկած է հռոմեական Յունոնա աստվածուհու մակդիրներից մեկի` Ռումինայի հիմքում` որպես ծծկեր երեխաների հովանավոր: Նրա տաճարը գտնվում էր այն թզենու մոտ, որի տակ, ըստ ավանդության, գայլից սնվել են Ռոմուլը և Ռեմը: Այն, որ փողը, դրամը կապվում էր պտղաբերության և ընտանիքը հովանավորող աստվածուհիների հետ, moneta բառի ծագումն է Հռոմի գլխավոր աստվածուհու Յունոնայի մեկ այլ մակդիրից` Մոնետայից, որի տաճարին կից էր գտնվում Հռոմի դրամահատարանը:

Ըստ Օ. Ֆրեյդենբերգի, ապրանքափոխանակության վաղագույն ընկալումը, որը նշանակում էր երկնքի փոխակերպումը ստորգետնյա աշխարհով, առաջացրեց կշեռքը և վիճակահանությունը: Առևտուրը կապվում էր ստորգետնյա աշխարհի հետ, որովհետև ապրանքը, նյութական բարիքը ստորգետնյա ծագում ուներ, իսկ ապրանքը որքան ծանր, այնքան կշեռքի նժարը մոտենում էր ներքևի աշխարհին: Արցախում երկար պահպանվում էր ավանդույթը, որ կշեռքը արևամուտից հետո տնից հանել և հարևանին տալ չէր կարելի, թե չէ տան բարիքը կպակասեր: Եթե ստիպված էին լինում հարևանին չմերժել և կշեռքը տնից հանել, վերջինս պետք է վերադարձներ տանտիկնոջ գոգնոցի մեջ փաթաթած: Այս դեպքում եթե գոգնոցը նույնանում է մայր հողի արգանդի հետ, ապա վրան կարված ծովախեցիները և կոճակները կարելի է դիտարկել ապրանք-փողի տեսակներ, որոնք պահպանել են միայն իրենց հմայական նշանակությունը: Հին աշխարհում վիճակահանության մեջ փողի նշանակությամբ հաճախ օգտագործել են քարեր, ընկույզ, ընդեղեն, նետեր, վեգեր: Այսօր էլ սեղանի լոտոյի մեջ օգտագործում են ընդեղենի հատիկներ (լոբի, ոսպ) կամ կոճակներ: Ամերիկայի հնդկացիները վեգ խաղալիս որպես միավորները հաշվելու խաղանիշ օգտագործում էին խեցի, ուլունքներ, սերմ, կորիզ:

Մարդու թաղումը, նրա հետ տարբեր ապրանքների, այդ թվում փողի տեսակների թաքցնելը պտղաբերության, բազմացման, բարգավաճման խորհուրդ ուներ և նույնացվում էր սերմը ցանելու հետ: Եվրոպայի բամաթիվ ժողովուրդների մոտ գանձը հավերժ թաղելու սովորույթ է եղել` հանդերձյալ աշխարհում օգտագործելու նպատակով կամ տոհմի բազմացման համար: Այդ գանձը երբևէ չպետք է հանվեր: Այսօր էլ աֆրիկյան բազմաթիվ ցեղերի մոտ պահպանվել է նման սովորույթ. ցեղի անդամները զոհաբերություն են անում` հատուկ ծիսական անոթի մեջ նետելով հմայիլ-առարկաներ: Որպես կանոն դրանք կաուրի տեսակի ծովախեցիներ են, որոնք Աֆրիկայում ամենատարածված փողի տեսակն են եղել: Հատուկ արարողությունից հետո, որը կատարում է ցեղի առաջնորդը, կաուրիները հանվում են և թաղվում են: Դրանից հետո այդ տեղը դառնում է սրբազան և որևէ մեկն այն ձեռք տալու իրավունք չունի:

Պարուրաձև զարդերի լայն տարածումը վաղ բրոնզեդարյան մշակույթում կապվում է ոչ միայն հավերժության գաղափարի հետ, այլ նաև այնառևտրա- տնտեսական հարաբերությունների բուռն զարգացման հետ, երբ մետաղների ի հայտ գալու հետ, որի արդյունքում շուկան ծնեց փողի նոր տեսակ` իր բազմագործառութային նշանակությամբ: Դրանք արդեն ոչ միայն ծովախեցուց էին, այլև տարբեր մետաղներից (ոսկի, արծաթ, բրոնզ), որոնք իրենք, որպես մետաղ, ունեին որոշակի արժեք: Դրանք դարձան միջնորդավորված այն ապրանքը, որը նպաստեց ապրանքափոխանակության մեջ մանրածախ առևտրի զարգացմանը` և ճանապարհ բացեց մետաղադրամի կամ «կնքված» ձուլակտորի առաջացման համար: