Սա հետաքրքիր է

Լևոն III-ի դրամները

Լևոն III-ի արծաթե դրամաթողարկման հիմնական զանգվածը կազմել են թագվորինները, որոնց դիմերեսին թագավորը ներկայանում է հեծյալի տեսքով, ինչպես Հեթում I-ը՝ երկլեզվյան դրամների վրա, և Լևոն II-ը՝ իր դրամների դիմերեսին, իսկ դարձերեսին՝ մեջքին խաչ կրող, դեպի աջ քայլող առյուծ է։ Ի տարբերություն Հեթում I-ի և Լևոն II-ի արծաթե դրամների վրա պատկերվող կանգնած կամ քայլող առյուծների, որոնց գլուխը դիմահայաց է, Լևոն III-ի թագվորինների դարձերեսին դեպի աջ քայլող և դեմքով դեպի աջ նայող առյուծ է՝ մեջքից վեր հառնող խաչով։ Առյուծի այս տիպը՝ առանց պատկերագրական փոփոխություններ կրելու, կիրառվեց հաջորդ թագավորների արծաթե դրամների վրա։ Լևոն III-ի և նրան հաջորդած թագավորների դրամների դիմերեսներն այսուհետ միմյանցից կտարբերվեն միայն առյուծների ոճական և կատարողական առանձնահատկություններով, ինչպես նաև՝ դաշտում պատկերվող լրացուցիչ նշաններով։

820.jpg

Մյուս սերիան, այսպես կոչված՝ «օծման դրամներն» են, որոնց դիմերեսին պատկերված են աղոթող Կույս Մարիամը և ծնկաչոք թագավորը, իսկ դարձերեսին՝ մեջքին խաչ կրող, քայլող առյուծ կամ խաչի երկու կեղմում հերալդիկ դիրքով կանգնած առյուծներ։ Սրանք «օծման դրամներ» անվանելը և Լևոն I-ին վերագրելը հիմնված է եղել բացառապես պատմական մեկնաբանությունների վրա՝ առանց բավարար ուշադրության արժանացնելու դրամագիտական տվյալները։ Այժմ վստահությամբ  կարող ենք ապացուցել, որ մինչ այժմ Լևոն I-ին վերագրված այդ դրամները՝ դիմերեսին Աստվածամոր և թագավորի պատկերներով, որոնք անառարկելի նմանություններ ունեն Կոստանդին I-ի, Լևոն III-ի և Օշինի դրամների հետ, թողարկվել են Լևոն III-ի օրոք։ Կիլիկիայի հայկական դրամների համար դիմերեսի ոչ բնորոշ պատկերգրությունը թույլ է տալիս նաև չբացառել, որ դրանք կարող են լինել Օշինի ժամանակ Լևոնի անունով հետմահու հատված դրամներ՝ ի հիշատակ վաղամեռիկ թագավորի։

Լևոն III-ի արծաթե թագվորին

Լևոն III-ի արծաթե դրամ

Ներկայումս ընդունված դասակարգմամբ՝ Լևոն III-ին վերագրվում են դիմերեսին գահավորակի վրա ծալապատիկ նստած թագավորի պատկերով պղնձե դրամներ, որոնք պատկերագրորեն սերտ կապի մեջ են Հեթում անունը կրող նույնատիպ պղնձե դրամների հետ, բայց դիմերեսին, ու երբեմն նաև դարձերեսին, կրում են Լևոն անունը։ Հեթումի և Լևոնի անունով թողարկված այս երկու շարքերի պատկանելության հարցը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի։