Սա հետաքրքիր է

Հեթում II-ի դրամները

Հեթում II-ի գահակալման տարիներն անցան Լևոն II-ի չորս որդիների միջև անզիջում պայքարում, որի պատճառներից մեկը, և գուցե գլխավորը, Հեթումի հակասական ու դրամատիկ կերպարն էր։ Նա մշտապես տաատնվում էր կրոնական կյանքին նվիրվելու անանց ցանկության և ավագ գահաժառանգի իրավունքով իրեն բաժին հասած թագավորական իշխանությունը տնօրինելու պարտավորության մեջ։

Հեթում II-ին վերագրվում են արծաթապղնձե՝ թեթև կշռի և փոքր չափի դրամներ։ Դրամների դիմերեսին պատկերված է թագավորի կիսանդրին՝ դիմահայաց, ինչպես Լևոն I-ի արծաթապղինձների վրա է, իսկ դարձերեսին՝ խաչ։ Այս թողարկումներում կարելի է առանձնացնել երկու սերիա, որոնք, առաջին հերթին, տարբերվում են դարձերեսին պատկերված խաչի տեսակով․ մի սերիայում խաչը կրկնաթև է՝ ստորին հորիզոնական թևի տակ աստղով և մահիկով, մյուսում՝ խաչը հավասարաթև է։ 

Հեթում II-ի արծաթապղնձե «դենիե»

Հեթում II-ի արծաթապղնձե «դենիե»

Հեթում II-ին վերագրվում են արծաթապղնձե քարտեզների երկու մեծ սերիաներ։ Դրանցից մեկի դիմերեսին թագավորի թագակիր դիմահայաց կիսանդրին է, դարձերեսին՝ կրկնաթև խաչ, որն իր հիմքում ունի ականթազարդ։ Այս դրամները տիպաբանորեն մոտ են արծաթապղինձների առաջին սերիային՝ դարձերեսին կրկնաթև խաչով։ Մյուս սերիայի դիմերեսին թագավորը պատկերված է գահավորակի վրա ծալապատիկ նստած, աջ ձեռքում արքայական գավազան, ձախում՝ կա°մ խաչ, կա°մ գունդ, կա°մ ոչինչ։ Դարձերեսի տիպը հավասարաթև խաչն է, որը նաև արծաթապղինձների երկրորդ սերիայի դարձերեսի տիպն է։ Պղնձի երկու սերիաներն իրարից տարբերվում են նաև որակական հատկանիշներով․ առաջին սերիան թողարկվել է հանգիստ պայմաններում, բարեխղճորեն և առանց շտապողականության, իսկ երկրորդ՝ ավելի մեծաքանակ սերիայի դրամները թողարկվել են ոչ միայն նվազեցված կշռով ու չափով, այլև հաճախ պատշաճ ուշադրություն չի դարձվել դրամահատման որակի վրա։

Հեթում II-ի պղնձե քարտեզ

Հեթում II-ի պղնձե քարտեզ

1269 թ․, Կոստանդնուպոլսի կատարելիք այցից առաջ, Հեթումը Սմբատին կարգում է թագապահ, որը, սակայն, ստանալով կաթողիկոսի և իշխանների մի մասի աջակցությունը, շատ չանցած իրեն թագավոր է հռչակում։ Իր երկամյա գահակալման ընթացքում նա հասցրեց թողարկել արծաթե և պղնձե դրամներ։ Արծաթե դրամների տիպն ընտրելիս, Սմբատը դիմեց թագավորության հիմնադրին՝ Լևոն I Մեծագործի օրոք ստեղծված դրամական պատկերագրությանը, դիմերեսին ներկայացնելով առյուծազարդ գահին բազմած, խաչ և շուշան բռնած թագավորի, իսկ դարձերեսին՝ կրկնաթև խաչի որկու կողմում կանգնած առյուծների պատակերներ։ Ընդօրինակվեց նաև գրությունների բանաձևը՝ Լևոն անունը փոխարինելով Սմբատ անվամբ։ Այս թագավորը թողարկել է տվել  նաև արծաթե դրամներ, որոնց դիմերեսի գրության մեջ հիշատակվում է Լևոն անունը, իսկ դարձերեսի գրության մեջ՝ Սմբատ անունը։

41+PP+Levon-Smbat+639.jpg

Միայն Սմբատի անունով թողարկված արծաթե դրամների մեջ առանձնանում է երկու սերիա։ Դրանցից մեկում թագավորի դիրքը, զգեստավորումը, իշխանության ատրիբուտները կրկնում են այն, ինչ տեսնում ենք Լևոն I-ին վերագրված դրամների վրա ։ Դրմաների մյուս սերիայում՝ թեև թագավորը նույնպես նստած է առյուծազարդ գահին և աջ ձեռքում ունի խաչ, բայց տարբերվում է զգեստավորմամբ, ձախ ձեռքում բռնած երկար շուշանագլուխ գավազանով և ազդրին հենած ձեռքի դիրքով։ Սա կարող է ընկալվել ու մեկնաբանվել որպես Սմբատի դիմապատկեր, քանի որ պարունակում է տարրեր, որոնք բնորոշ են միայն այդ թագավորին։ Սմբատի պղնձե դրամները դիմերեսին թագավորին ներկայացնում են ձիավորի տեսքով՝ ձեռքում շուշանագլուխ գավազան բռնած, իսկ դարձերեսի ավանդական դարձած հավասարաթև խաչն է՝ թևերի չորս միջակայքում շուշանի ոճավորված պատկերներով ։

Սմբատ, արծաթե դրամ

Սմբատ, արծաթե դրամ

Սմբատ, պղնձե դրամ

Արծաթե երկդրամների և դրամների դիմերեսին Կոստանդինոսը (այդպես է նրա անունը հիշատակված դրամների վրա) ներկայանում է ձի հեծած, թագակիր, աջ ձեռքում վեր պարզած սրով (ի տարբերություն բոլոր մյուս թագավորների, որոնց ձեռքում խաչն է կամ շուշանագլուխ գավազանը)։ Դարձերեսի վրա Կոստանդինոսը կանգնած է դիմահայաց, ամբողջ հասակով՝ աջ ձեռքում սուր, ձախում՝ խաչ։ Պղնձե դրամների դիմերեսին արծաթե դրամների դարձերեսի ճիշտ նույն տիպն է, իսկ դարձերեսին՝ հավասարաթև խաչ՝ կենտրոնից ելնող չորս ճառագայթնորով։

Կոստանդին I արծաթե երկդրամ

Կոստանդին I արծաթե դրամ

Կոստանդին I պղնձե քարտեզ