Սա հետաքրքիր է

Զաբել և Հեթում I-ի դրամները

Լևոն թագավորի մահից հետո հայոց գահին տիրելու գայթակղությունը համակեց շատերին։ Մինչ թագավորությունը կառավարվում էր դեռահաս թագուհու խնամակալների կողմից, մեկը մյուսի հետևից՝ թե° երկրի ներսից, թե° դրսից, ի հայտ էին գալիս գահին տիրանալու հավակնորդներ։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում էր անմիաբանությամբ, անօրինություններով ու ավերածություններով։ 1222թ․ Արքունի ատյանի որոշմամբ Զաբելին ամուսնացրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդ IV-ի որդի Ֆիլիպի հետ, բայց նոր թագավորը չգոհացրեց հայ իշխանների սպասելիքները, և 1225-ին նրան ձերբակալեցին ու սպանեցին։ Ի վերջո, 1226թ․, օգտագործելով իր ձեռքում կենտրոնացած իշխանության լծակները, Լևոնի դստեր խնամակալ Կոստանդին Պայլը և Գունդստաբլը՝ բանակի գլխավոր հրամանատարը, ստացավ իշխանների համաձայնություն իր որդի Հեթումին Զաբելի հետ ամուսնացնելու և հայոց թագավոր հռչակելու համար։ Այս ամուսնությունը Կիլիկիայի երկու ամենաազդեցիկ և միմյանց դեմ մշտապես անհաշտ պայքար մղող տոհմերին՝ Ռուբինյաններին և Հեթումյաններին միավորելու միտված կարևոր քայլ էր, որի գլխավոր նպատակը պետության ներսում կենտրոնացված իշխանության ուժեղացումն էր և միաբանության հաստատումը։

Զաբել և Հեթում I, արծաթե դրամ

Զաբել և Հեթում I, արծաթե կես դրամ

Պատահական չէ, որ կիլիկյան դրամաթողարկման մեջ միակ անգամ՝ Հեթում թագավորի անունով հատված արծաթե դրամների վրա, պատկերված ենք տեսնում նաև թագուհուն՝ թագավորի կողքին կանգնած, երկուսով միևնույն խաչը բռնած։ Պատկերային այս ուղերձում ամփոփված էր Հեթումյանների կողմից իրենց իշխանության օրինականությունը և երկու տոհմերի միասնականությունը ցուցադրելու գաղափարը։ Արծաթե այս դրամները, պատկերագրորեն անփոփոխ կերպով, թողարկվել են անգամ 1252 թ․Զաբելի մահից հետո, Հեթումի գահակալման ողջ ընթացքում։

Հեթում I պղնձե դանգ

Հեթում I պղնձե քարտեզ

Հեթում I պղնձե քարտեզ

Ներկա դրությամբ, Հեթում I-ին վերագրվում են պղնձե երեք թողարկումներ՝ դանգ և քարտեզ կոչված դրամներ։ Պղինձների վրա Հեթումը ներկայացել է միայնակ։ Երկու դեպքում՝ դիմերեսին պատկերված է առյուծազարդ գահին նստած թագավորը՝ Լևոն I-ի արծաթե դրամների պատկերագրության օրինակով, երրորդում՝ թագավորը հեծյալի կերպարանքով է։ Դարձերեսին, ի տարբերություն Լևեն I-ի պղնձե դրամների վրա պատկերվող կրկնաթև խաչի, հավասարաթև խաչն է՝ թևերի արանքում զանազան նշաններով, որն իշխանական շրջանի պղնձե դրամաթղարկման պատկերագրական ավանդույթի շարունակությունն էր։

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018