Սա հետաքրքիր է

Լևոն I-ի դրամները

Ռուբինյան իշխանների դրամները հիմնականում կրում էին հարևան պետությունների դրամական պատկերագրության ազդեցությունը։ Լևոնը, թագավոր հռչակվելուց հետո, արևելյան և արևմտյան դրամական պատկերագրության տարրերը հմտորեն ու ստեղծագործաբար օգտագործելով, դրեց ինքնատիպ և գեղեցիկ կերտվածքի դրամների թողարկման սկիզբը։ Լևոն I-ին ներկայումս վերագրվում են արծաթե երկդրամ, կես և քառորդ երկդրամ կոչված դրամական միավորներ, ինչպես նաև արծաթե դրամներ և կես դրամներ։ Թգավորության հիմնադրին վերագրված պղնձե դրամները ներկայանում են խոշոր չափի՝ դանգ կոչված դրամներով։ Եվ վերջապես, Լևոն I-ին վերագրվող դրամներից են շատ ցածր կշռի և փոքր չափի արծաթապղինձները, որոնք ունեն դիմերեսի և դարձերեսի նույն պատկերագրությունը, բայց մեկի վրա գրությունները հայերեն են, մյուսի վրա՝ լատիներեն։


Լևոն I, 1198-1219 թթ․, արծաթապղինձ, «դենիե»

Լևոն I, 1198-1219 թթ․, արծաթ, երկդրամ

Լևոն I, 1198-1219 թթ․, արծաթապղինձ, «դենիե»


Լևոն I-ին վերագրվել են նաև ոսկե դրամներ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք XIX-XX դդ․ կատարված կեղծիքներ են։ Լևոն I-ին վերագրված արծաթե դրամների մի խումբ, այսպես կոչված՝ «օծման դրամները» ևս, իրենց ոճապատկերագրական առանձնահատկություններով սերտորեն կապվում են XIII դարի վերջի և XIV դարի սկզբի դրամների հետ և, իրականում, վերաբերում են Լևոն III-ի ժամանակներին։


Լևոն Ռուբինյանի հաջողությունները, բարձրացնելով նրա անձնական հեղինակությունը միջազգային ասպարեզում թե° քրիստոնյաների և թե° մահմեդականների շրջանում, նրա մեջ, ըստ երևույթին, արթնացել ու ամրապնդել էին Աստծուց իրեն առանձնահատուկ առաքինություն շնորհված լինելու համոզմունքը, որը նա ի ցույց դրեց պաշտոնական պատկերագրության արտահայտչամիջոցով։


Հետևելով Եվրոպայի, Երուսաղեմի և Կիպրոսի լատին թագավորների օրինակին, Լևոն I-ը ստեղծել տվեց թագավորական կնիք, որի մի կողմում գահին բազմած թագավորն էր, մյուսում՝ խաչակիր առյուծը։ Այս պատկերագրությունն իր արտացոլումը գտավ նրա արծաթե դրամաթողարկման մեջ։


M_Dram+(167)+(20)+-+Copy.jpg


Լևանտի երկրներում Լևոնն առաջինն էր, որ դրամների վրա տեղադրեց իր պատկերը։ Մինչ այդ նույնիսկ Երուսաղեմի թագավորները չեն պատկերվել դրամների վրա։ Լևոնն առաջինն էր նաև, որ դրամների վրա տեղադրեց թագաւոր ․․․ կարողութեամբն Աստծոյ բանաձևը։ Այն ճշտորեն համապատասխանում էր Die gratia rex ․․․ բանաձևին, որը, մինչև Լևոնը, կիրառվում էր միայն կնիքների վրա, այդ թվում՝ Երուսաղեմում։ Արծաթե դրամների դարձերեսի զինանշանային հորինվածքներում Լևոնը համարձակորեն ու հմտորեն համատեղեց Աստծո Գառան, առյուծի՝ ուժի ու հզորության խորհրդանիշ հանդիսացող կենդանու և իր անունն ակնարկող խորհրդաբանությունը։ Այդ հորինվածքների գաղափարական առանցքը կրկնաթև խաչն էր՝ Քրսիտոսի խաչելության իրական, ճշմարիտ խաչը, քրիստոնյաների գլխավոր սուրբ մասունքը, հաղթանակի ու փրկության «զենքը»։


Լևոն I-ի դրամների՝ բովանդակային առումով բազմաշերտ խորհրդանշական պատկերներն ու գրությունները պարունակում էին ուղղակի կամ այլաբանորեն արտահայտված ուղերձներ հայոց թագավորի անմիջական հպատակներին, ողջ հայությանը և արտաքին աշխարհին։ Դրանցում առանցքային էին երկուսը՝ հայոց թագավորության գոյության փաստի արձանագրումը և բոլոր քրիստոնյաների ընդհանուր գործին զորավիգ լինելու Լևոն թագավորի հաստատակամության հռչակումը։


Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018