Սա հետաքրքիր է

Կիլիկիայի Հայկական իշխանապետության դրամները

Հայ ժողովրդի հազարամյա պատմության նշանակալի և, իր բնույթով, առանձնահատուկ էջերից է պատմական հայրենիքից հեռու, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին գտնվող Կիլիկիա երկրամասում երեք հարյուրամյակ գոյատևած պետականությունը։ Լեռնա-դաշտավայրային և ծովափնյա այդ երկրում հայկական ինքնուրույն պետության ձևավորմանը դրդել ու նպաստել են Առաջավոր Ասիայում տեղի ունեցած մի շարք աշխարհաքաղաքական դարակազմիկ իրադարձություններ, որոնց մեջ ներգրավված էին Բյուզանդական կայսրությունը, գրեթե ողջ Եվրոպան, մահմեդական Արևելքը՝ ի դեմս Կենտրոնական Ասիայից հայտնված սելջուկյան և այլ թուրքական ցեղերի, իսկ ավելի ուշ՝ նաև մոնղոլ նվաճողները։

Կիլիկիայում Ռուբինյանների իշխանության սկիզբ է համարվում մոտավորապես 1080 թ․։

Լոռու թագավոր Կյուրիկե II-ից հետո, Ռուբինյան իշխանները հաջորդն էին, որ թողարկեցին հայերեն գրերով դրամներ։ Կիլիկիայի հայ իշխանների դրամներն այսօր մեզ հայտնի են պղնձե վեց թողարկումներով։

Տոհմի հիմնադրին՝ Ռուբեն I-ին վերագրվել են երկու թողարկումներ, որոնք նույն տիպի են՝ դրամի երկու կողմերի կենտրոնում պատկերված է հավասարաթև խաչ՝ շրջանակի մեջ։ Այդ թողարկումները միմյանցից տարբերվում են գրությունների բովանդակությամբ և ոճով։ Գեղագրի հմտություններ չունեցող փորագրիչի անվարժ ձեռքով արված շրջանաձև այդ գրությունները մեծ գլխացավանք են հետազոտողների համար։ Դրանցից մեկի վրա ընթերցվել էր՝ ՌաԲԷՆ/Ծառա այ ( Ռուբեն/ Աստծո ծառա), մյուսի գրությունը հաջողվեց վերծանել վերջերս՝ ․ԸՌաՒԲԻՆա/ԿաՄաՒՔՆ այ ( Ռուբենի / Աստծո կամքով

Ռուբեն II-ի պղնձե մետաղադրամ

Ռուբեն II-ի պղնձե մետաղադրամ

Թեև գրությունները վերածնված են, բայց դրամների վերագրման խնդիրը, կարծում ենք, դեռևս լուծված չէ։ Հարցն այն է, որ այս դրամները տիպաբանորեն լիովին կրկնում են դեռևս IX դարից Ֆրանսիայում թողարկված դենիեների պատկերագրությունը։ 1097 թ․ սկսվեց խաչակրաց առաջին արշավանքը, որի ընթացքում, և հետագայում, նրանց թողարկած դրամների վրա հաճախ կիրառվում էր հավասարաթև խաչով և շրջանաձև գրությամբ այդ պատկերատիպը։ Քանի որ Ռուբեն I-ը իշխել է, ինչպես ընդունված է համարել, մոտավորապես 1080-1095 թթ․, այսինքն՝ մինչև առաջին խաչակիրների հայտնվելը Մերձավոր Արևելքում, ապա սույն դրամները Ռուբեն I-ին վերագրելու հնարավորությունը բացառվում է։

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018