Սա հետաքրքիր է

Դրամաթողարկման դրսևորումները Հայաստանում

Մ․թ․ա․ I դարի վերջի և մ․թ․ I դարի սկզբի տասնամյակներում Հայաստանում իրագործված դրամաթողարկումը մեզ ներկայանում է թեմատիկ և պատկերագրական առումով խիստ խայտաբղետ՝ տեղական-արևելյանի ու հունա-հռոմեականի, ավանդականի ու նորի զանազան դրսևորումներով։ Այդ բազմազանությունն արտացոլում է Արտաշեսյանների անկման անհանգիստ ժամանակներում հարևան երկու գերտերությունների, հատկապես Հռոմի ազդեցության շարունակական աճը և հայաստանյան հասարակության ու, գլխավորապես, իշխող վերնախավի ներսում խորացող արժեհամակարգային երկատվածությունը։ Եթե Տիգրան IV-ի սկզբնական թողարկումներում կրկին ի հայտ են գալիս պարթևական դրամներին բնորոշ որոշ տարրեր, ապա նրա ուշ թողարկումներում միատեղված են հայկականը և հռոմեականը։

G.3b_61.+26+mm.jpg

Միանգամյան նոր երևույթ էր հայկական դրամների վրա թագուհու պատկերումը․ մի դեպքում թագավորի հետ, մյուսում՝ առանձին, որպես միանձնյա թագուհի։ Կամ՝ Մասիս (Արարատ) սրբազան լեռան պատկերումը, որի ստորոտին, Արաքս գետի ափին, գտնվում էր Արտաշատ մայրաքաղաքը․ դարձերեսի պատկերատիպի այս ընտրությունը նաև Հռոմի հետ բարեկամական դաշինքը խորհրդանշող քաղաքական ուղերձ էր՝ սարերի վերևում ΦΙΛΟΚΑΙΣΑΡ - Կեսարի բարեկամ – գրությամբ։ Էրատոյի դրամի դարձերեսին մեծ դարպաս և աշտարակներ ունեցող շինության տեսարանը հռոմեական ոլորտի դրամների վրա հանդիպող նման պատկերատիպի վաղագույն օրինակներից է ։

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018