Սա հետաքրքիր է

Արտավազդ II-ի դրամաթողարկումը

Արտավազդ II-ի դրամաթողարկումը բաժանվում է երեք փուլի: Համեմատաբար վերջերս ի հայտ եկան պղնձե դրամներ՝ դարձերեսի երկու տիպով – նոճի և մահակ, որոնց վրա արքայի անվան առաջին չորս  տառերը ընթերցվում են APTA, սակայն շարունակության անհստակ լինելը թուլյ է տալիս տարընթերցումներ: Դրամները հատվել են Տիգրան II-ի դիմերեսի կնիքներով: Այս դրամների հազվագյուտ լինելը խոսում է այն մասին, որ դրանք թողարկվել են քիչ քանակությամբ՝ կա°մ Արտավազդի գահակալման սկզբում, կա°մ, եթե նա Տիգրանի կողմից նշանակված է եղել որպես կրտսեր գահակից, հոր դրամների հետ միաժամանակ՝ վերջինիս պատկերով, բայց որդու անվամբ:

G.3b_52.+14+mm.jpg

Արտավազդ II-ի դրամաթողարկման հաջորդ փուլին են պատկանում արծաթե դրախմաները, որոնք կրում են թողարկման տարեթվեր՝ թագավորման վեց և յոթերորդ տարիներով նշված: Դրախմաների դարձերեսին պատկերված է քառաձի մարտակառք վարող, ճառագայթող գլխով անձնավորություն, որին հաղթական պսակ է մատուցում նրա դիմաց ճախրող Նիկոն: Սա, անշուշտ, արքայատոհմի հովանավոր աստվածությունն է՝ Արեգ-Միհր-Ապոլլոնը, որին խորհրդանշող արևի նշանը մշտապես ներկա է արտաշեսյան խույրերի վրա, իսկ նրա ատրիբուտներից ձին և եռոտանին՝ արտաշեսյան պղնձե դրամների դաձերեսին հաճախ հանդիպող պատկերագրական մոտիվներից են: Եթե նախորդ դրամների վրա Արտավազդը ներկայանում է արքա տիտղոսով, ապա այս փուլից սկսած, նա հանդես է գալիս որպես արքայից արքա: Արքայի դիմապատկերում ուշադրություն է գրավում խույրը բարձրացված և ճակատային մասում ամրացված ականջակալներով կրելու Արտավազդի նոր ոճը, որը հայկական, ինչպես նաև պարթևական դրամական պատկերագրության վրա այդ ժամանակներում հունահռոմեական «ազատամտության»  արձագանքներից էր: Դրամաթողարկման այս փուլում են հատվել դարձերեսի ընդամենը երկու տիպով հայտնի՝ Նիկեի և նոճու պատկերներով պղնձե դրամները, որոնց վրա Արտավազդի անունը հիշատակված է արքայից արքա տիտղոսով:

Արտավազդ II, մ.թ.ա. 55-34 թթ. արծաթե դրախմա:

Արտավազդ II, մ.թ.ա. 55-34 թթ. պղնձե մետաղադրամ:

Արտավազդ II, մ.թ.ա. 55-34 թթ. պղնձե մետաղադրամ:

Նրա հաջորդ դրամաթողարկումը մեզ ներկայանում է միայն տետրադրախմաներով՝ հիմնականում կրկնելով դրախմաների պատկերագրությունը, բայց նաև մի քանի աննախադեպ և դժվար բացատրելի նորամուծություններով համալրված: Արքայի թագի վրա արևի նշանը պատկերված է առանց արծիվների, իսկ դարձերեսի գրության մեջ արքայից արքա տիտղոսին ավելացված է ասվածային բառը` ΘΕOΥI, որը հունա-հռոմեական աշխարհի դրամների վրա, բոլոր այլ դեպքերում, հանդիպում է միայն գոյականական ձևով՝ ΘΕOΥ-աստծո: Արքայի անունը տրված է սեռական հոլովով, ինչպես հելլենիստական բոլոր արքաների դրամների վրա, բայց դրա համար կիրառված է քերականական արխայիկ մի ձև՝ APTAΥAΣΔΕΩ , որը գործածությունից դուրս էր եկել դարեր առաջ: Եվ, վերջապես, արքայի անունը, որը դրախմաների և պղնձե դրամների վրա գրված է հայերենին հարազատ Արտավազդ ձևով՝ APTAΥAZΔΕΥ, Զ տառով, տետրադրախմաների վրա տրված է հույն և լատին հեղինակների մոտ հանդիպող Արտավասդ տարբերակով՝ Ս տառով:

Ներկայումս, Արտավազդ II-ի թողարկումներից մեզ հայտնի է ընդամենը երեք տետրադրախմա, մոտ երկու տասնյակ դրախմաներ, իսկ պղնձե դրամները կարող են լինել մեկ-մեկուկես հարյուրյակի սահմաններում: Քսաներկու տարի իշխած արքայի դրամական գտածոների այսպիսի սակավությունը և դարձերեսի միայն երկու տիպով ներկայացող պղնձե դրամաթողարկումը կարող է բացատրվել նրա գահակալական շրջանի բուռն քաղաքական գործընթացներով, երկրի տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակով, Անտոնիոսի կողմից արքայական գանձատների կողոպուտով ու նաև այն հանգամանքով, որ Տիգրան II-ի օրոք իրագործված մեծ քանակությամբ թողարկումները դեռևս շարունակում էին ապահովել շրջանառության համար անհրաժեշտ դրամների քանակը:

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018