Սա հետաքրքիր է

Հայաստանում հայտնաբերված՝ Տիգրանի II Մեծի դրամները

Արտաշեսյան արքաներից ամենանշանավորի՝ Տիգրան Մեծի մեզ հասած դրամների քանակը մի քանի անգամ գերազանցում է այդ տոհմի մնացած բոլոր արքաների դրամների քանակը միասին վերցրած: Արտաշատ մայրաքաղաքում հնագիտական պեղումների ժամանակ, դարբին զինագործի արհեստանոցում, 1971 թ. հայտնաբերվեց Տիգրանի II-ի 28 արծաթե դրամներից բաղկացած գանձ՝ մեկ տետրադրախմա, 26 դրախմա՝ բոլորն արքայից արքա տիտղոսով, և մեկ դրախմա՝ խույրի վրա գիսաստղի նշանով և արքա տիտղոսով: Հետագա տարիների ընթացքում այդ հնավայրի տարածքից հայտնաբերվել են Տիգրան II-ի հարյուրավոր պղնձե դրամներ, որոնց բացարձակ մեծամասնությունը Նիկեով տիպն է, գերազանցապես՝ արքայի գլխի հետևում A մենագրով: Վերջիններիս առատությունն այս վայրում ցուցում է դրանք Արտաշատում թողարկված լինելու մեծ հավանականության մասին: Պետք է նկատել, սակայն, որ Նիկեով և արքա տիտղոսով դրամների մյուս տիպերի գտածոները շատ են նաև օրինակ՝ հյուսիսմիջագետքյան տարածաշրջանից: Մինչդեռ արքայից արքա տիտղոսով պղնձե դրամներ ՀՀ տարածքում գրեթե չեն հայտնաբերվում:

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018