Սա հետաքրքիր է

Տիգրան Մեծի պղնձե դրամները

Տիգրան Մեծի պղնձե դրամները, ըստ դարձերեսի պատկերագության, կազմում են երկու մեծ խումբ: Արքա տիտղոսով պղնձե դրամներին բնորոշ են Նիկեն, արմավենու ճյուղը, նոճին, եռոտանին, մահակը և ձին: Այս սերիայում կան բացառություններ. Ժայռին նստած անտիոքյան Տիխեն՝ գիսաստղով արծաթե դրամների իսկ դամասկոսյան Տիխեն՝ այդ քաղաքում հատված դրամների վրա, ինչպես նաև նույն դիցուհին՝ կանգնած դիրքում, մի ձեռքում առատության եղջյուր, մյուսում՝ նավի ղեկ (փոփոխական բախտի խորհրդանիշը):

Արքայից արքա տիտղոսով պղնձե դրամները հատվել են միայն անտիոքյան Տիխեի, Հերակլեսի, առատության եղջյուրի և հասկի պատկերներով:

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), պղնձե դրամ

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), պղնձե դրամ

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), պղնձե դրամ

Պղնձե թողարկումների երկու խմբերից յուրաքանչյուրը ներկայացված է չորս արժեչափի դրամներով՝ տետրախալկ (4 խալկ), դիխալկ (2 խալկ), խալկ և հեմիխալկ (1/2 խալկ), որոնք միմյանցից տարբերվել են դարձերեսի տիպերով: Միևնույն պատկերատիպով պղնձե դրամներում, սակայն, կշռային ու չափային ընդգրկույթը շատ մեծ է: Օրինակ, պղնձե դրամներից ամենաառատը Նիկեի պատկերով դրամներն են, որոնց կշիռն ունի մոտավորապես 2-ից 8 գ, իսկ տրամագիծը՝ 15,5-ից 20,5 մմ ընդգրկույթ: Վերջիններս նաև ամենաբազմազանն են ոճապատկերագրական առումով, ինչից կարելի է ենթադրել, որ դրամները թողարկվել են երկար տարիների ընթացքում և, հավանաբար, տարբեր դրամահատարաններում: Մեծ է նաև Տիխեի պատկերով դրամների չափագիտական տվյալների ընդգրկույթը՝ մոտավորապես 3-ից 8,5 գ և 17-ից 23 մմ:

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018