Սա հետաքրքիր է

Տիգրան II-ի դրամները

Տիգրան II-ի դրամները բաժնվում են երկու մեծ սերիայի, որոնցից մեկում նա հիշատակված է արքա, մյուսում՝ արքայից արքա տիտղոսներով: Երկու սերիաներն էլ ներկայացված են տետրադրախմաներով, դրախմաներով և պղնձե դրամներով:

Արքա տիտղոսով սերիայի դրամները, իրենց հերթին, բաժանվում են երկու ենթասերիայի, որոնցից մեկում արքան պատկերված է երիտասարդ դիմագծերով, գիսաստղի նշան կրող խույրով:Այս նշանի պատկերումը թագի վրա, որն այլևս չի հանդիպում արտաշեսյան արքաների դրամներում, կապվեց որպես հավանական վարկած, Հալլեյի գիսաստղի հետ: Սա Արեգակնային համակարգում որոշակի պարբերականությամբ հայտնվող գիսաստղերից մեկն է, որ Երկրից երևում է անզեն աչքով, և իր հերթական այցելության ժամանակ երկնակամարում դիտվել է որպես պայծառ շողարձակող երկնային մարմին մ.թ.ա. 87 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:

Մյուս ենթասերիայի դրամներում կան և՛ իդեալականացնող, և՛ ռեալիստական ոճի դիմապատկերներ՝ միջին տարիքի տղամարդու դիմագծերով, իսկ խույրը զարդարված է աստղով՝ երկու արծիվների միջև:

Արքայից արքա տիտղոսով սերիայի դրամների վրա Տիգրանի ռեալիստական դիմապատկերն է՝ հասուն տարիքում, բարձր խույրով, որը զարդարված է աստղը երկու արծիվների միջև խորհրդանշանով՝ ինչպես արքա տիտղոսով երկրորդ ենթասերիայում:

Տիգրան II-ի արծաթե դրամների դարձերեսի պատկերագրական տիպը մեկն է՝ Տիխե աստվածուհու պատկերը՝ ժայռին նստած, պարսպաթագով, հաղթանակ խորհրդանշող արմավենու ճյուղը կամ առատության եղջյուրը ձեռքին, ոտքերի տակ՝ գետի աստվածությունն է՝ լողացող տղամարդու կերպարանքով: Հելլենիստական ժամանակաշրջանում ամենուր մեծ ժողովրդականություն վայելող Տիխեն բարեբախտության, հաջողության և քաղաքներին ու նրա բնակիչներին բարգավաճում պարգևող դիցուհին էր: Դրամների մեծ մասը ներկայացնում է մ.թ.ա. IV դարի վերջի հույն քանդակագործ Եվտիխիդեսի կերտած և Սիրիայի Անտիոք քաղաքում կանգնեցված արձանի վերարտադրությունը, որը Տիգրանը կարող էր իր դրամների համար որպես պատկերատիպ ընտրել մ.թ.ա. 83 թվականին այդ քաղաքը նվաճելուց հետո: Տասնամյակներ անց, Անտիոքի Տիխեն նորից է հայտնվում դրամների վրա, այս անգամ՝ Օգոստոս կայսեր օրորք կատարված հռոմեական թողարկումներում:

Մ.թ.ա. 72/1 թ. հայոց արքան գրավեց  առևտրային մայրուղիների խաչմերուկում գտնվող Դամասկոս քաղաքը, որն այդ ժամանակ պատկանում էր նաբատեացիներին: Քաղաքը երկար չմնաց Տիգրանի ձեռքում, բայց այդ կարճ ժամանակահատվածում, մ.թ.ա. 71-69 թվականներին, թողարկվեցին արծաթե և պղնձե դրամներ, որոնց դարձերեսին պատկերված էր Դամասկոսի Տիխեն՝ ժայռի վրա դեպի ձախ նստած, ձեռքին առատության եղջյուրով, այնպես, ինչպես Արետաս (Հարիթաթ) III-ի՝ Նաբատեայի արքայի պղնձե դրամների վրա է: Տարիներ անց այդ նույն քանդակը վերարտադրվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի պատկերով Դամասկոսում հատված պղնձե դրամների դարձերեսին:

Եթե դամասկոսյան Տիխեի պատկերով դրամները հատվել են միայն այդ քաղաքում, ապա անտիոքյան Տիխեով դրամները թողարկվել են Տիգրանի կայսրության տարբեր դրամահատարաններում, մասնավորապես Տիգրանակերտում և Արտաշատում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ հանրահայտ արձանի նմանակները կարող էին կանգնեցված լինել այլ քաղաքներում ևս և բնակիչների կողմից ընկալվել որպես տվյալ քաղաքի հովանավոր աստվածուհի:

* Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018