Սա հետաքրքիր է

Դրամաթողարկումը Ծոփքում

Դրամաթողարկումը Ծոփքում սկսվել է Սամոսի որդու՝ Արսամեսի օրոք (մոտ. մ.թ.ա. III դ. երրորդ քառորդ): Նրան վերագրվում է  դրամների երկու խումբ, որոնք նախկինում տրվում էին նույնանուն երկու տարբեր թագավորների: Բոլոր դրամներն ունեն դարձերեսի նույն գրությունները՝ «Արսամ թագավորի» դրամը, որոնց մի մասի դիմերեսին թագավորը պատկերված է սրագագաթ գլխանոցով, մյուսների վրա գլխանոցը նման է հարթ գագաթով խույրի՝ առանց վզկալի: Երկուսն էլ օղակված են արքայական ապարոշով (դիադեմայով)՝ արքայի ծոծրակին ծածանվող ժապավեններով: Գլխանոցի առաջին տիպը սերում է աքեմենյան ժամանակաշրջանի սատրապական դրամների վրա հանդիպող գլխանոցից, որի զանազան տարբերակները կարելի է տեսնել նաև Կապադովկիայի, Պարթևաստանի և Պարսքի արքաների մ.թ.ա. III-II դդ. դրամների վրա:

Գլխանոցի երկրորդ տիպը եզակի է. այն այլևս չի հանդիպում ոչ միայն Ծոփքի, այլև հարևաններից որևէ մեկի դիմապատկերներում: Լավ պահպանված դրամների վրա երևում է, որ երկու տիպի գլխանոցներն էլ ունեն կողեզրով անցնող՝ «մարգարտաշար», ինչը հուշում է, որ դրանք, արտաշեսյան և պարթևական խույրերի նման, եղել են երկփեղկ:

Հաջորդ երեք արքաների՝ Քսերքսեսի, Աբդիսարեսի և Արտաբանեսի դրամներն ունեն ընդհանուր պատկերագրական և ոճային հատկանիշներ: Արքաները կրում են սատրապական միևնույն տիպի գլխանոց, որը տարբերվում է Արսամեսի գլխանոցից, և երեքն էլ մորուքավոր են՝ ի տարբերություն իրենց նախորդի:

* Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018