Սա հետաքրքիր է

Արտաշատի հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերված դրամները

Մ.թ.ա. 160-ական թթ. հիմնադրվեց Արտաշատը, որը շուրջ հինգ դար կատարեց թագավորանիստ և Հայաստանի խոշորագույն քաղաքի իր դերը՝ մինչև 330-ական թվականներին Խոսրով II արքայի կողմից արքունիքը Դվին տեղափոխելը:

1970 թվականին սկսված և առ այսօր շարունակվող Արտաշատի հնագիտական պեղումների շնորհիվ նոր հորիզոն բացվեց անտիկ Հայաստանի դրամական շրջանառության մասին մեր գիտելիքներում: Պեղումների առաջին յոթ տարիների ընթացքում հայտնաբերվել էր 32 հայկական, գերազանցապես՝ Տիգրան II-ի, և 54 օտարերկրյա դրամներ [Аракелян 1982, 52]:

Ներկա դրությամբ, Արտաշատի պեղումներից հայտնաբերված դրամների քանակը մոտ երկու հարյուր է, իսկ մետաղորսիչներով անօրինական ճանապարհով ձեռքբերվածները և շրջակա գյուղերի բնակիչների կողմից պատահաբար գտնվածները մի քանի անգամ գերազանցում են այդ քանակը: Այս դրամագյուտերը, ձայնակցելով Հարավային Կովկասից հայտնի մյուս տվյալներին, ցույց են տալիս, որ մ.թ.ա. II դարի կեսից սկսած, և հատկապես մ.թ.ա. I դարում, Արտաշեսյանների թագավորությունում դրամն արդեն գործածվում  էր ոչ միայն միջազգային առևտրում, այլև ներքին շուկայում: Վերջինս առավելապես կիրառվում էր քաղաքներում, մասնավորապես այնպիսի խոշոր ու բազմազգ քաղաքներում, ինչպիսին Արտաշատն էր:

Հայաստան էին բերում Սիրիայում, Կապադովկիայում,  Պարթևաստանում, Պոնտոսում, Ատտիկայում, Փոքր Ասիայում, Փյունիկայում հատված արծաթե և պղնձե դրամներ, որոնք շրջանառում էին հայկական արծաթե և պղնձե դրամների հետ մեկտեղ: Մ.թ.ա. II դարի վերջից սկսում են Հայաստան մտնել, իսկ մ.թ.ա. I դարի վերջից՝ նրա դրամական շրջանառության մեջ գերակշռող դիրք գրավել հռոմեական արծաթե դրամները՝ հատված Հռոմում, Իսպանիայում, Գալլիայում, Պերգամոնում, Կապադովկիայի Կեսարիայում: Հայաստանի աշխույժ միջազգային կապերը բացահայտվում են նաև Արտաշատում նշանակալի քանակությամբ հայտնաբերվող պոնտական, բոսպորյան, գալատական, կեմմագենյան, սիրիական, նաբատեական, հրեական և հյուսիսմիջագետքյան պղնձե դրամների առկայությամբ:

* Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018