Սա հետաքրքիր է

Հայաստանում հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու դրամները

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել են (ըստ ՀՊԹ հավաքածուի տվյալների) Ալեքսանդր III Մակեդոնացու շուրջ չորս տասնյակ արծաթե դրամներ՝ դիմերեսին Հերակլեսի գլխի, դարձերեսին՝ գահին բազմած Զևսի պատկերներով: Այդ դրամները լայն տարածում են ունեցել ողջ հելլենիստական աշխարհում և շարունակել են թողարկել նաև նրա մահվանից հետո: Մեծ մակեդոնացու համբավի, դրամների բարձր որակի և դրանց նկատմամբ մեծ պահանջարկի շնորհիվ, ալեքսանդրյան տիպի դրամները մնացին գործածության մեջ ևս շուրջ երկու դար: Հայաստանում հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու դրամների ավելի քան 85 տոկոսը դրախմաներ են: Դրանք, մեծ մասամբ, խիստ մաշված վիճակում են, ունեն 3.7 գրամի շուրջը տատանվող կշիռ, այսինքն՝ իրենց սկզբնական կշռից (մոտ 4.3 գ) զգալիորեն պակաս: Թեև ստույգ վիճակագրություն չկա, բայց քիչ մաշվածությամբ դրախմաների սակավությունը և մաշված դրախմաների հաճախակի հայտնաբերումները թողարկումներում կարծես թե ակնարկում են, որ դրանք Հյաստանում շրջանառվել են շատ երկար ժամանակ: