Սա հետաքրքիր է

Հայերեն գրությամբ առաջին դրամները

Հայերեն գրությամբ առաջին դրամները թողարկվել են Կյուրիկե II-ի գահակալության տարիներին (1048-1089 թթ.):

Հայկական այս թագավորությունը ձևավորվել էր X դարի երկրորդ կեսին Գուգարք նահանգի արևելյան մասում, որի հիմնադիրն էր Գուրգենը` Բագրատունյաց տոհմի Տաշիր-Ձորագետի ճյուղից: Տեղի բարբառով նրա անունը հնչում էր Կյուրիկե ձևով, այդ պատճառով  թագավորությունն անվանվում է նաև Կյուրիկյան, իսկ հիմնադիրը` Կյուրիկե I (մոտ 970-989 թթ.):  X դարի 70-ականերից մինչև XII դարի սկիզբը Կյուրիկյան թագավորությունը տարածաշրջանի կարևոր քաղաքական միավորումներից էր: 
Կյուրիկե II արքայի իշխանության ժամանակաշրջանի դրամները եղել են պղնձից, և դիմերեսի ու դարձերեսի պատկերագրությամբ և գրության բովանդակությամբ կրկնում են բյուզանդական այդ ժամանակվա դրամներին. դիմերեսին Քրիստոսի դիմահայաց պատկերն է, դարձերեսին՝ «Տեր, օգնի՛ր Կյուրիկե կյուրոպաղատին» մակագրությունը։ Կյուրոպաղատը, ի սկզբանե, բյուզանդական պալատական պաշտոն էր, որը զբաղեցնում էին, գլխավորապես, կայսերական ընտանիքի անդամները:  XI դարում այն, որպես պատվաստիճան, շնորհվում էր օտարերկրացիներին, մասնավորապես՝ վրացիներին և հայերին: Կյուրիկե ΙΙ-ի կյուրոպաղատ տիտղոսը, սակայն, հայտնի է միայն դրամներից:  Վիմագիր արձանագրություններում և մատենագիր աղբյուրներում նրան կոչում էին թագավոր կամ թագավոր հայոց:
Սակավաթիվ նմուշներով հայտնի այս մետաղադրամը, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր ոչ այնքան շրջանառության կարիքների համար, որքան թագավորության ինքնահաստատման նկատառումներով:
Կյուրիկե II-ից հետո, նրա որդիներ Դավթի և Աբասի օրոք, Կյուրիկյան թագավորությունը սկսեց անկում ապրել և XII դարի սկզբին դադարեց գոյություն ունենալ։

Կորիկե II (1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ, դիմերես

Կորիկե II (1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ, դարձերես