Ուրիշները մեր մասին

«Երևան» ամսագրի անդրադարձը. Փողի թանգարան

Եթե ասեն, որ փողը ստեղծվում է բամբակից, կհավատա՞ք: Ո՞չ։ Իսկ եթե սրա մասին պատմեն ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնո՞ւմ: Այստեղ կպատմեն նաև, թե ինչպես տարբերել իրական փողը կեղծից ու մատչելի կբացատրեն հայաստանյան ֆինանսական կյանքի ու դրամի պատմության մասին: Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Զարուհի Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել ենք յոթ տարի առաջ բացված այս թանգարան-կրթական համալիրի փողառատ սրահներում:

1333.jpg

Ո՞ր մեղքի համար այցելել

Այցելուների կենտրոն գալուց հետո թղթադրամներդ այլևս չորս տակ չես ծալի ու ճխտի դրամապանակդ, այլ զգուշությամբ, առանց ծալքերի կտեղավորես այնպես, որ չվնասվի: Սրա մասին կենտրոնի աշխատակիցները զգուշացրին, երբ օրինակի համար ցույց տվեցի դրամապանակումս ճմռթված 1000-անոցը: Հետո սիրով բացատրեցին, որ ծալելու
դեպքում փողն ավելի արագ է քայքայվում, ու ցույց տվեցին՝ ինչպես էին հազարավոր մաշված թղթադրամներ անթիվ մասերի կտրատել ու մի գնդի մեջ հավաքել, այնպես որ՝ փողին էլ փող չէիր ասի:
Եթե այսպես բոլորս իմանանք փողի պատմությունը, դրա ստեղծման փուլերն ու հասկանանք կարևորությունը, թղթադրամին ու մետաղադրամ
ներին ավելի նուրբ կվերաբերվենք: Ճմռթված 1000-անոցիս վրա էլ ցույց տվեցին, թե ինչպես կարող եմ տարբերել կեղծն իսկականից: Դուք էլ չգիտեի՞ք, որ կեղծ դրամը տարբերելու համար կա 15-17 գաղտնիք 10 ու 20 հազարանոց դրամները ստուգելու համար, 50-ի ու 100-ի դեպքում գաղտնիքները 2-ով ավելանում են. չէ՞ որ թվերը մեծանում են, ու փողն ավելի լավ պետք է պահպանել:

002.jpg

ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՅՆՔԱՆ ՄԱՏՉԵԼԻ Է ԲԱՑԱՏՐՎՈՒՄ, ՈՐ ԱՆԳԱՄ ՑԱԾՐ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՍԿԱՆԱԼ ՆՅՈՒԹԸ

Ի՞նչ կսովորենք
Կենտրոնի ձախ հատվածը սրահներով բաժանված է տարբեր շրջանի Հայաստանների: Հենց մուտքից կենտրոնի ղեկավար տիկին Զարուհին ուղեկցում է առաջին սրահ, որտեղ սկսում է պատմել հայկական փողի կենսագրությունն ամենասկզբից: Տիգրան Մեծ, Բագրատունիներ, Կիլիկյան Հայաստան. պատմական անունները շարքով լսում ես ու փորձում հին ֆիլմերի նման սևուսպիտակով պատկերացնել այդ ժամանակների դրամը:
Մի պատ այն կողմ ժամանակաշրջանը փոխվում է Առաջին հանրապետություն ու Սովետ, իսկ հարևան սրահում արդեն մեր օրերն են: Վերջապես տեսնում ենք մեզ ծանոթ այն կապույտ և վարդագույն 100 ու 50 դրամանոցներն ու մտքով թռնում մանկություն... «50-ով կարող էի մի «Թզուկ» պաղպաղակ գնել», — մտածում եմ ու ինձ ավելի չշեղելով՝ շարունակում լսել ամենահետաքրքիրը: Հենց այս սրահում են պատմում, թե ինչպես են բամբակը մեծ կաթսաներում եռացնում, մեջը լցնում ֆոսֆորե թելիկներ, որոնք էլ ապահովում են թղթադրամի պաշտպանության առաջին փուլը: Բոլոր փուլերը հերթովշարքով ներկայացված են մեջտեղում դրված սեղանիկի վրա, իսկ թե ինչպես է այս բամբակյա ամբողջ գործընթացը կատարվում, երևակայի՛ր ինքդ:

003.jpg

Պատմությունը ձախ թևում վերջանում է, ու քայլում ենք դիմաց. այստեղ ավելի լուրջ ու ֆինանսական թեմաներն են պահել՝ ներկայացնում են, թե ինչ է նշանակում ապահովել գների ու ֆինանսական համակարգի կայունությունը, և ինչպես է կառուցված մեր ֆինանսական համակարգը: Ի դեպ, այս ամենն այնքան մատչելի է բացատրվում, որ անգամ ցածր դասարանի աշակերտը կարող է ամբողջությամբ հասկանալ նյութը. ամեն ինչ հիմնականում խաղերի ու հարց-պատասխանի միջոցով է: Տիկին Զարուհին ասում է՝ կենտրոնի գլխավոր մեխն է. այստեղ պարտադիր չէ լինել տնտեսագետ կամ մաթեմից գերազանցիկ:

004.jpg

Նրանց մասին
Զարուհին առանձնահատուկ է ընդգծում, որ այցելուների կենտրոնը թանգարան-կրթական համալիր է, նպատակը՝ ներկայացնել Հայաստանի տարածքում դրամաշրջանառության պատմությունը և կենտրոնական բանկի գործառույթները: Փողի պատմության մասին պատմում են եվրոպական բոլոր երկրների կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնները, Հայաստանը, նույնպես հետ չմնալով և ուսումնասիրելով մի շարք երկրների փորձը (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Լատվիա, Ֆինլանդիա), 7 տարի առաջ ստեղծեց ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, 2011-ի սեպտեմբերի 22-ին էլ ընդունեց առաջին այցելուներին:
«Այդպիսի վայրերը շատ կարևոր են, քանի որ հաճախ մարդիկ չեն հասկանում՝ ինչով է զբաղված Կենտրոնական բանկը, ինչ գործառույթներ ունի, ինչ խնդիրներ է լուծում… Այստեղ պատմում ենք, թե ինչպես վարկ վերցնել, ինչպես ընտրել ավանդի տեսակ, պլաստիկ քարտերի դեպքում ինչի վրա ուշադրություն դարձնել: Փողի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց սովորելու կարիքը մարդիկ ունեն», — ասում է կենտրոնի ղեկավարը:
Ի դեպ, Զարուհին ոչ միայն կենտրոնի ղեկավարն է, այլև հիմնադիրներից մեկը: Նախքան սրա բացումը 20 տարի աշխատել է ԿԲ-ում որպես մամուլի քարտուղար, հասարակայնության ծառայության կապերի խորհրդական ու պետ: Պատմում է, որ շատ ջանք է թափել, որ այս նախագիծը կայանա. 5 տարի աշխատել է նախագծի վրա:

ԱՅԴՊԻՍԻ ՎԱՅՐԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՃԱԽ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ

005.jpg

Թվանոց
Ամեն տարի կենտրոնն ունենում է մոտ 12 հազար այցելու: Մինչև երկուս ու կես ժամ այցելուներին պատմելու և զբաղեցնելու նյութ ունեն. զարմանալ պետք չէ, վստահեցնում եմ՝ այնքան հետաքրքիր է ու ինտերակտիվ, որ ձանձրանալ չեք հասցնի: Ոչ թե քարացած նմուշների թանգարան է, այլ խաղերի ու մատչելի լեզվով մատուցված տեղեկատվության վայր։
«21-րդ դարում ինչ-որ մի տեղ 2 ու կես ժամ մնաք ու չհոգնեք, պատկերացնո՞ւմ եք: Իսկ մեզ մոտ շատ հաճախ ասում են՝ այլևս բան չունե՞ք պատմելու», — պատմում է Զարուհին:
Փոքր դասարանի երեխաների դեպքում էքսկուրսիան ավելի կարճ է: 7 տարվա ընթացքում աշխատել են 65 հազար այցելուի հետ: Հայաստանի համար շատ լուրջ թիվ է:

006.jpg

007.jpg

Խաղերի աշխարհում
Նյութն ամրապնդելու համար ամբողջը լսելուց հետո այցելուներին համակարգչային խաղերի միջոցով առաջարկվում է կառավարել գնաճը: Նաև «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատիրոջ» նման մի խաղ, տնտեսագիտական խաչբառ ու մի քանի ուրիշ բան խաղալուց հետո խրախուսական նվերներ կտրվեն, իսկ առավել աչքի ընկածները հատուկ նվերների կարժանանան:
«Այնպիսի միջավայր ենք ստեղծում, որ բոլորի գլուխն աշխատի, պետք է շատ ուշադիր լինել. ինչն առաջին սենյակում ենք պատմում, վերջին սենյակում կհարցնենք: Հաղթող չկա, ուղղակի ով ամբողջ ընթացքում ակտիվ է եղել, հարցեր է տվել ու պատասխանել, ուրեմն համարում ենք՝ գլուխն աշխատացրել է», — ասում է ղեկավարը:
Գլուխը ճիշտ չաշխատացնելու դեպքում էլ անխտիր բոլորին «100.000 դրամով» շոկոլադե սալիկ, գրիչ կամ նոթատետր է հասնելու: Առավել խրախուսական նվերներն են՝ խնայատուփ, օրացույց, «Փող» անունով գիրք… Եվ, դե, յուրացված գիտելիքները, իհարկե։

008.jpg

Մերն ուրիշ է
Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության տարածքի մյուս կենտրոնական բանկերի՝ մերի այցելուների կենտրոնը բաց է հասարակության համար: Անվճար լինելուց բացի շատ ժամանակակից է. օգտագործվում են վիզուալիզացված հատուկ ինտելեկտուալ խաղեր:
Տեղեկությունը մատուցվում է 3 լեզվով: Հիմնականում այցելում են հայաստանյան համալսարանների տնտեսական բոլոր հոսքերը, բայց սահմանափակում էլ չունեն, արվեստին ու տուրիզմին վերաբերող ֆակուլտետների ուսանողները նույնպես այցելուների մի մասն են կազմում:
Եթե 1-2 հոգով են այցելուները, գալու համար կարող են միանալ որևէ խմբի, որը նախօրոք արդեն գրանցվել է, իսկ եթե խումբ է, ապա պետք է պարզապես առցանց գրանցվել կամ զանգել:
«Մեզ մոտ այնպիսի հերթեր են, որ եթե այսօր զանգեք գրանցվելու համար, կգաք երկու շաբաթ հետո. այսօր զանգել ու այսօր գալ չկա: Ամռանը դեռ ավելի թեթև է, դասերի ժամանակ են հերթերը», — ասում է Զարուհին:
Ի դեպ, եթե տարիներ առաջ արդեն դպրոցով այցելել եք, աշխատակիցները վստահեցնում են՝ հաստատ արժե մեկ անգամ էլ գալ. պատմելու ձևերը միշտ նորացվում են, թվայնացվում, հետո էլ քանի որ փոքր էիք, կարճացրած էր պատմելիքը:

Ամալի Խաչատրյան
Սահակ Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52)2019

«Երևան» ամսագիր #1(52)2019

«Երևան» ամսագիր #1(52)2019

«Երևան» ամսագիր #1(52)2019

«Երևան» ամսագիր #1(52)2019

«Երևան» ամսագիր #1(52)2019