ԿԲ նորություններ

Թողարկվել է «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով: Տաճարը կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, համաձայն որի՝ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, իջնելով Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, պատվիրել է, որ հենց այդ տեղում լինի Աստծո տաճարը՝ «բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության Աթոռը»:

Ի սկզբանե Մայր Տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով, որով էլ Սուրբ Էջմիածինը համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ հանդիսանում է առաջին խաչահիմն գմբեթավոր տիպի տաճարը: XVII դարում Մայր Տաճարի արևմտյան մուտքին կցակառուցվել է եռահարկ զանգակատուն, ինչպես նաև փոքրիկ զանգակատներ՝ հյուսիսային, արևելյան և հարավային աբսիդների վրա: 1869 թ. Տաճարի արևելյան պատի ողջ երկայնքով կցակառուցվել է երեք սրահ՝ որպես ավանդատուն-թանգարան: XVII-XVIII դդ. Մայր Տաճարի ներսը զարդարվել է որմնանկարներով, որոնք վրձնել է հայ նշանավոր նկարչական՝ Հովնաթանյան ընտանիքը:

Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգվել է հովանավորությամբ հայ իշխանների, ազգային բարեգործների (Ալ. Մանթաշյան, Գյուլբենկյան հիմնադրամ, Լուիզ Մանուկյան Սիմոն և Մանուկյան ընտանիք), համայն հայության սրտաբուխ նվիրատվություններով և Հայոց պետության գործակցությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2012 թ. սկսվել է Մայր Տաճարի համակողմանի հիմնարար նորոգությունը, որն իր ավարտին կհասնի 2021 թ.: 

Մայր Տաճարը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Տեխնիկական չափանիշները    

Անվանական արժեքը`  30100 դրամ
Մետաղը/հարգը`  արծաթ 9990
Քաշը`  1000,0 գ
Տրամագիծը`  100,0 մմ
Որակը`  պրուֆ
Դրամաշուրթը`  ընդհատվող ատամնավոր, համարակալված
Տպաքանակը`  301 հատ
Թողարկման տարեթիվը`  2020

Նախագծի հեղինակ` «CIT Coin Invest AG» ընկերություն, Լիխտենշտեյն:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

Դիմերես`  Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։
Դարձերես՝  Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի խորանը՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին։   

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամ, դարձերես

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամ, դիմերես

Այլ նորություններ