ԿԲ նորություններ

Պատմական ակնարկ

Պետական բանկ. կառավարիչներ


Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը անցել է ժամանակագրական չորս պատմական փուլերով՝ Ցարական Ռուսաստանի կազմում, Հայաստանի Առաջին Հանրապետություն, Հայաստանի Խորհրդային Հանրապետություն և Հայաստանի Երրորդ Հանրապետություն:


Եկեք  կատարենք պատմական շրջայց՝ անդրադառնալով 120 և ավելի տարիների պատմությանը:


1893 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում բացվեց Ցարական Ռուսաստանի պետական բանկի Երևանի բաժանմունքը: Այդ օրը համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադրման սկիզբը, քանի որ առաջին բանկը բացվեց Երևանում:


1849 թ. ստեղծվեց Երևանի նահանգը: Նահանգում բանկային հաստատության բացակայությունը որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսության զարգացման, ինչու չէ, նաև ոչ բարենպաստ պայմաններ վաճառականների համար:


Հասարակության տարբեր խավեր, նաև վաճառականներ դիմումներ էին հղել Երևանում բանկ բացելու խնդրանքով:


1893 թ. մայիսին Ցարական Ռուսաստանի ֆինանսների նախարար Ս. Վիտտեն թույլատրեց Երևանում բացել Ռուսաստանի պետական բանկի Երևանի բաժանմունքը, որը իրականություն դարձավ նույն թվականի հոկտեմբերին:


Գրասենյակը տեղակայված էր Ցարսկայա փողոցում, այժմյան՝ Արամի:



1918 թ. մայիսը նշանավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումով: Այն ուղեկցվում էր սոցիալ-տնտեսական դժվարություններով, որոնց անմասն չմնաց Պետական բանկը: Ֆինանսական համակարգի փլուզման, պետական ծախսերի կրճատման պայմաններում Կառավարությունը բարձրացնում էր հարկերը, կրճատում էր դրամական նպաստները, պետական ծառայողների թիվը:


Պատմական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 1918 թ. հուլիսից մինչև 1920 թ. դեկտեմբերը Կառավարությունը և Պետական բանկը թողարկել են 340 մլն անդրկովկասյան բոն և 11 մլրդ հայկական չեկ: Մեկ ռուսական ոսկին հաշվարկային փոխարժեքով հավասար էր 4000 անդրկովկասյան բոնի և 20000 հայկական չեկի:


 1919 թ. Լոնդոնում թողարկվում է Հայաստանի Հանրապետության 189 մլն ռուբլի՝ «լոնդոնյան ռուբլիներ», որը հավասար էր 540 հազար ռուսական ոսկու: Մեկ լոնդոնյան ռուբլին հավասարեցված էր 100 հայկական չեկի: Այդ դրամանիշերը մտան շրջանառության մեջ 1920 թ. ամռանը և օգտագործվեցին մինչև 1920 թ. դեկտեմբերը:


 1929 թ. ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց տարածք: Շենքի կառուցումը տևեց երեք տարի՝ 1930-1933 թթ.:


1933 թ. տեղի ունեցավ բանկի գրասենյակի տեղի փոփոխություն՝ մերօրյա  ՀՀ կենտրոնական բանկի մասնաշենք:




Հայաստանի անկախացումից գրեթե 2 ամիս հետո՝ 1991 թ. դեկտեմբերի 19-ին, ԽՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության բանկի:


1993 թ. ապրիլի 27-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը (ՀՀ Ազգային ժողով) ընդունեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքը: Այդ օրը համարվում է Կենտրոնական բանկի հիմնադրման օրը:


Պետական բանկի պատմությունը սկիզբ առնելով XIX դարի վերջից, սերտորեն կապված լինելով Հայաստանի վերափոխումների հետ, շարունակում է կերտվել նաև մեր օրերում: Բանկն ունեցել է տարբեր կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բանկի կառավարման, բանկային համակարգի կայացման ու զարգացման գործում:


Ցավոք, արխիվային փաստաթղթերում չեն պահպանվել ներքոնշյալ չորս կառավարիչների լուսանկարները (1893-1896 թթ. գրասենյակը գործել է առանց կառավարչի): 




  1. Գրիգորի Սմիռնով (1896-1901 թթ.)

  2. Անտոն Կրժիժանովսկի (1901-1905 թթ.)

  3. Նիկոլայ Սաննիկով (1905-1910 թթ.)

  4. Կոնստանտին Սիբանին  (1910-1916 թթ.)


Վսեվոլոդ Մորավսկի (1916-1921 թթ.)

Մարտին Սահակյան (1922-1924 թթ.)

Գրիգոր Ջաղեթյան (1924-1930 թթ.)

Գարսևան Վարշամյան (1930-1931 թթ.)

Հովհաննես Դավթյան (1931-1936 թթ.)

Վարդան Մամիկոնյան (1936-1937 թթ.)

Արկադի Մինասյան (1937-1939 թթ.)

Սերգեյ Բատուրին (1939-1943 թթ.)

Ռիզա Վելիբեկով (1943-1944 թթ.)

Արտաշես Սարգսյան (1944-1967 թթ.)

Ստեփան Սաֆարյան (1967-1969 թթ.)

Անդրեյ Պապովյան (1969-1972 թթ.)

Վլադիմիր Աղասյան (1972-1986 թթ.)

Իսահակ Իսահակյան (1986-1994 թթ.)

Բագրատ Ասատրյան (1994-1998 թթ.)

Տիգրան Սարգսյան (1998-2008 թթ.)

Արթուր Ջավադյան (2008-2020 թթ.)

Մարտին Գալստյան (2020 թվականից)