ԿԲ նորություններ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ուղերձը բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 22-ն արդեն կայացած, ավանդույթներ թելադրող օր  է բանկային ոլորտի աշխատակիցների համար: Ուղիղ քսանվեց տարի առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում:
Փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը կայացած ինստիտուցիոնալ հանրույթ է, որը հպարտության զգացում է առաջացնում համակարգի բոլոր աշխատակիցների շրջանում։ Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից։
Մեր բոլորի շարունակական ջանքերի, նոր գիտելիքների և հմտությունների սերտման միջոցով է պայմանավորվելու համակարգի հաստատուն զարգացումն ու կայունությունը:
Բարձր ենք գնահատում և խորին երախտագիտություն հայտնում բանկային աշխատակցին՝ ում հետևողական աշխատանքի արդյունքն է ներկայիս կայացած բանկային համակարգն ու պետականության կարևորագույն խորհրդանիշներից հանդիսացող ազգային արժույթը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն անձնական կյանքում:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան