ԿԲ նորություններ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.75 տոկոս

2019 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:

2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում են, ինչի ներքո ՀՀ հիմնական գործընկեր երկրների  

ԿԲ-ները առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Այս իրավիճակում հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ, որի պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ եռամսյակում, սպասվածին համահունչ, պահպանվել են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով: Տարվա երկրորդ եռամսյակում ևս իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զգալի զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա էապես կփոքրանա։

Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը, նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային գործող պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաև, որ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը հիմնականում նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով և պետական բյուջեի վարքագծով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. օգոստոսի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):