ԿԲ նորություններ

Գալուստ Գյուլբենկյան-150

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:

Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը:
Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 900
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է և բարեգործ:
Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները և զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ: Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին և ուսանողներին:
Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների և արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Գալուստ Գյուլբենկյան-150, դարձերես