ԿԲ նորություններ

Հովհաննես Թումանյան-150

ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 12-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը:

Հովհաննես Թումանյանը (1869-1923 թթ.) հայ մեծանուն գրող է, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Նախնական կրթությունը ստացել է Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում: Ուսումը շարունակել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Աշխատակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի: 1912–1921 թթ. նախագահել է Հայ գրողների կովկասյան ընկերությունը։
1899 թ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որը միավորել է բազմաթիվ հայ նշանավոր գրողների ու բանաստեղծների։
Թումանյանի գրական ժառանգությունը բազմաժանր է: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. «Բանաստեղծություններ» երկհատորյակի լույսընծայումից հետո։ Ստեղծագործական սկզբունքներն առավել ցայտուն են դրսևորվել Թումանյանի պոեմներում («Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Սասունցի Դավիթ»), բալլադներում ու հեքիաթներում («Ախթամար», «Թմկաբերդի առումը», «Մի կաթիլ մեղր», «Տերն ու ծառան», «Քաջ Նազար»), պատմվածքներում («Գիքորը», «Իմ ընկեր Նեսոն») և քառյակներում, որոնց հիմքում ժողովրդական մտածողությունն ու բանահյուսությունն է։
Թումանյանը նաև հեղինակ է բազմաթիվ գրականագիտական հոդվածների:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թումանյանը մեծ աշխատանք է ծավալել Արևմտյան Հայաստանից գաղթածներին, հատկապես որբ երեխաներին օգնելու համար:
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, ներկայացվել են երաժշտության, կինոյի և գեղանկարչության ժանրերում:

Դիմերես` հատված Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից և դրվագ պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի):
Դարձերես` Հ. Թումանյանի դիմապատկերը և նրա ստորագրությունը:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 10000 դրամ
Մետաղը/հարգը՝ ոսկի, 9000
Տրամագիծը՝ 22,0 մմ
Քաշը՝ 8,6 գ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Քանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամ, դիմերես

«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամ, դարձերես