Թողարկվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թ. Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու մերձակայքում՝ ջուղայեցի բարերարներ Ա. Մուրադխանյանի և Մ. Վարդանյանի նախաձեռնությամբ: Տարբեր տարիներին ճեմարանին են միացվել Գալուցյան և Դավիթյան օրիորդաց հայկական դպրոցները, հաստատությունը համալրվել է գիշերօթիկ բաժնով: 1824 թ-ից, շուրջ 50 տարի, ճեմարանում գործել է նաև տպարան: 1828-ին հիմնվել է Արարատյան գրադարանը, որն ունեցել է հայկական գրքերի և ձեռագրերի ժամանակի ամենամեծ հավաքածուն:
1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում վերապահվել է ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։
Ճեմարանում դասավանդում են հայագիտական և բնագիտական մի շարք առարկաներ, իսկ կրթական ծրագրերը կազմված են այնպես, որ շրջանավարտները հեշտությամբ կարող են ընդունվել Հնդկաստանի ուսումնական հաստատություններ:
Իր գործունեության 200 տարիների ընթացքում ճեմարանում կրթություն են ստացել հազարավոր հայ երեխաներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Հնդկաստանից և Հայաստանից։ Այստեղ իրականացվում են բազմաթիվ ակադեմիական և մշակութային ծրագրեր, որոնք ավելի սերտ ու բազմակողմանի են դարձնում կապերը հայրենիքի հետ:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայկական սփյուռքի հայեցի կրթության և դաստիարակության օրրաններից և ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկն է:
Դիմերես՝ Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի և Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։
Դարձերես՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ/ֆաքս. (374-10) 56 37 61, (374-10) 59 27 83
էլ-փոստ. mcba@cba.am, visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am