ԿԲ նորություններ

Թողարկվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ

Հայաստանի առաջին պետական թատրոնը հիմնադրվել է Երևանում, 1921 թ. օգոստոսի 16-ին: Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ․ հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»  ներկայացմամբ։

1937 թ․ թատրոնը վերանվանվել է Գաբրիել Սունդուկյանի անունով:

Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և 20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետներին։ Տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ»։

Հիմնադրումից մինչև 1938 թ․ թատրոնն իր գործունեությունն իրականացրել է Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվել է նոր շենք՝ ներկայիս Անգլիական այգում: 1962 թ․ թատրոնի շենքն այրվել է: Այն վերակառուցվել է նույն վայրում և վերաբացվել 1966 թ․մարտի 5-ին:

1950-70-ական թթ․ թատրոնը ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկն է եղել։ Թատրոնի՝ հատկապես շեքսպիրյան ներկայացումների հաջողություններով պայմանավորված՝ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվել են Երևանում։

1960 թ․ թատրոնը դարձել է ակադեմիական, իսկ 1996 թ․՝ ազգային:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշտապես աչքի է ընկել տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությամբ: Հավատարիմ մնալով իր հարյուրամյա պատմությանն ու ավանդույթներին՝ թատրոնն, այնուամենայնիվ, մնում է երիտասարդ՝ հնի և նորի յուրօրինակ զուգորդումներով: 

 

Դիմերես՝ Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը և «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի և թելի ոճավորված պատկերներ:

Դարձերես՝ թատրոնի շենքի գծագիրը, թատրոնի պատկերանիշը և հայկական զարդանախշ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։

 

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում։

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը                     արծաթ 9250

Քաշը                                       33,6 գ

Տրամագիծը                            40,0 մմ

Որակը                                     պրուֆ

Դրամաշուրթը            ատամնավոր

Թողարկման քանակը           500 հատ

  Ծանուցում

 Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

 

Այլ նորություններ