Թողարկվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակին նվիրված հուշադրամ
Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858 թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը:
1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Արտիստական թատրոնում (այժմ՝ Ռուսթավելու անվան թատրոն) Օ․ Միրբոյի «Ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Ա. Բերոյան): Հիմնադիր կազմում էին Ի․ Ալիխանյանը, Ա․ Վրույրը, Օ․ Մայսուրյանը, Ա․ և Մ․ Բերոյանները, Զաբելը, Ա․ Ռշտունին և ուրիշներ։ Առաջին տարիներին ներկայացումները տրվել են Թբիլիսիի տարբեր թատրոններում։ 1936 թ․ թատրոնը տեղափոխվել է Հավլաբար թաղամասում կառուցված նոր շենքը (առաջին ներկայացումը՝ Ջանանի «Շահնամե») և սկսվել է թատրոնի ստեղծագործական վերելքի շրջանը: Այդ տարիներին բեմադրվել են ինչպես ազգային, այնպես էլ ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ:
1955-1991 թթ. թատրոնը կոչվել է Ս. Շահումյանի, 1991 թ-ից՝ Պ. Ադամյանի անունով:
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը և այլ հայ ականավոր արտիստներ:
Ներկայում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը համարվում է վրաց-հայկական մշակութային և հասարակական հիմնական կենտրոններից մեկը։
Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:
Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:
Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ/ֆաքս. (374-10) 56 37 61, (374-10) 59 27 83
էլ-փոստ. mcba@cba.am, visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am