ԿԲ նորություններ

Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա և եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձով:  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Դիմերես` ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:
Դարձերես` ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000
Մետաղը/հարգը՝ արծաթ 925
Քաշը՝ 33,6
Տրամագիծը՝ 38,61
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Քանակը՝ 500

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: