ԿԲ նորություններ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս

2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.0%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում։ Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով և մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։

Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունվարի 16-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):