ԿԲ նորություններ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. հոկտեմբերին գրանցվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%, ընդ որում՝ բնականոն գնաճը նույնպես փոքր ինչ դանդաղել է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կլինի կայուն և 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում։

Համաշխարհային տնտեսության աճի միտումները պահպանվում են, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը աստիճանաբար խստացնում են դրամավարկային քաղաքականության պայմանները: Միաժամանակ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը փոքր ինչ թուլացել է, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների կրճատմամբ և շինարարության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ: Միևնույն ժամանակ, գնահատվում է, որ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպող ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքը 2019 թ-ին նույնպես կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ դրամավարկային պայմանների ներկա չափը բավարար խթանող է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետում դրա աստիճանական չեզոքացման հեռանկարով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը գնահատում է նաև, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվողսցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. նոյեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):