Այցելուների կենտրոնի նորություններ

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՐԱՄԻԿԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկը 2018թ. հոկտեմբերի 18-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները:

Հայկական կերամիկա

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված կավե հնագույն իրերը վերաբերում են Ք.ա. 7-րդ հազարամյակին: Կավագործության զարգացման հետ մեկտեղ առաջացել է նաև թրծակավե և գունազարդ խեցեղենը: Միջնադարում հայկական խեցեգործության խոշոր կենտրոններ էին Հայաստանի մայրաքաղաքներ Դվինը և Անին, որտեղ հայ վարպետները պատրաստում էին գոտեզարդ կարասներ և ջնարակած հախճապակի: 15-րդ դարից հայկական կերամիկայի արտադրությամբ հայտնի էր պատմական Հայաստանի Քյոթահիա (Կուտինա) բնակավայրը: Քյոթահիայի հայ խեցեգործները մեծ ավանդ են ունեցել տարածաշրջանի խեցեգործության զարգացման գործում. նրանց արտադրանքը զարդարել է բազմաթիվ եկեղեցիներ և շինություններ, արտահանվել եվրոպական երկրներ:

Քյոթահիայի հայկական կերամիկայի նմուշներից է 18-րդ դ. I կեսին պատրաստված կավե խնկամանը՝ Սբ Աստվածածնին նվիրված հայերեն գրությամբ և խաչի պատկերներով: Խնկամանը պահվում է Ցինցինատիի արվեստի թանգարանում (Օհայո նահանգ, ԱՄՆ):

Դիմերես` ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր:
Դարձերես` կավե խնկամանը հայկական զարդանախշի համապատկերին:

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Չափը` 40 × 40 մմ
Քաշը` 31,1 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` մինչև 2000 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Ռուսական կերամիկա

Ռուսական կերամիկայի արտադրության խոշոր կենտրոն է Ելիզավետա I կայսրուհու հրահանգով 1744 թ. Ս. Պետերբուրգում հիմնած Ճենապակու կայսերական գործարանը: Ռուս գիտնական Դ. Վինոգրադովի գլխավորությամբ գործարանում կարողացան մշակել ճենապակու ստացման սեփական բանաձևը՝ օգտագործելով տեղական կավի առանձնահատկությունները:

Ռուսական ճենապակու նմուշներից է 19-րդ դարի սկզբին քանդակագործ Ս. Պիմենովի նախագծով պատրաստված շշի սառեցման ոսկեզօծ անոթը՝ ջնարակված և նկարազարդված Պետերբուրգի բազմագույն բնապատկերով: Անոթը «Ռուսական» կոչվող սպասքի կազմում կոմս Գուրյովի կողմից նվիրաբերվել է Ալեքսանդր I կայսրին ի նշանավորումն Նապոլեոն Բոնապարտի զորքերի նկատմամբ տարած հաղթանակի և հետագայում ստացել «Գուրյովյան» անվանումը: 
Անոթը պահվում է Ճենապակու կայսերական գործարանի թանգարանում (Պետական Էրմիտաժի բաժանմունք, ՌԴ):

Դիմերես` ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր:
Դարձերես` շշի սառեցման անոթը ռուսական զարդանախշի համապատկերին:       

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Չափը` 40 × 40 մմ
Քաշը` 31,1 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հունական կերամիկա

Հին Հունաստանի դեկորատիվ-կիրառական արվեստում կերամիկան բացառիկ տեղ է գրավում: Այն բնորոշվում է  կավեղեն անոթների բազմատեսակ ձևերով և գրաֆիկական ու գեղապատկեր տարրերի ներդաշնակությամբ:

Անտիկ աշխարհում հունական խեցեգործության նշանակալի կենտրոններից մեկը Ատտիկայի շրջանն էր: Ք.ա. 6-րդ դարից սկսած Աթենքի վարպետները կատարելագործում էին խեցեղենի ստացման մինչ այդ հայտնի կորնթոսյան եղանակները՝ ստեղծելով ատտիկական կերամիկայի ինքնատիպ նմուշներ: Կորնթոսյան կերամիկայի դեղնավուն երանգները աստիճանաբար փոխարինվեցին կարմիր գույներով՝ առավել արտահայտիչ դարձնելով սևագիծ պատկերները:
Հունական գեղազարդ անոթների հազարավոր օրինակներ պահվում են համաշխարհային թանգարանային ու մասնավոր հավաքածուներում:
Հին հունական կերամիկայի նմուշներից է Ք.ա. 6-րդ դարում պատրաստված սկիֆոսը, որը եզակի է նկարազարդման թեմայով: Անոթի շրջագծով դրվագված է խեցեղենի պատրաստման գործընթացը:
Հունական անոթը պահվում է Հարվարդի արվեստի թանգարաններից մեկում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ):

Դիմերես` ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր:
Դարձերես` կավե սկիֆոսը հունական զարդանախշի համապատկերին:    

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Չափը` 40 × 40 մմ
Քաշը` 31,1 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Իրանական կերամիկա

Իրանական խեցեգործության զարգացմանը մշտապես բնորոշ է եղել քանդակագործության, գեղանկարչության և ճարտարապետության ավանդույթների միահյուսումը: Իրանական կերամիկայի արտադրության կենտրոններից է Քաշան բնակավայրը, որը հայտնի է դարձել խեցեղենի պատրաստման նորարարական եղանակների ստեղծման շնորհիվ: Քաշանը առանձնանում է ջնարակված կավի կրկնակի թրծման հատուկ բանաձևի մշակմամբ: Այդ եղանակով պատրաստված կերամիկական սալիկները մեծ տարածում են գտել 13-14-րդ դդ.:
Իրանական կերամիկայի նմուշներից է 13-րդ դարի կեսին պատրաստված ճենապակյա սալիկը, որը ներկայացնում է իրանական մշակույթին հատուկ ութանկյուն աստղը՝ կենտրոնում կենաց ծառի և բծավոր նապաստակների պատկերներով: Սալիկի եզրերին պարսկերեն գրություններ են՝ «Շահնամե» վիպերգից:
Իրանական ճենապակյա սալիկը պահվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա):

Դիմերես` ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր:
Դարձերես` ճենապակյա սալիկը իրանական զարդանախշի համապատկերին:

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Չափը` 40 × 40 մմ
Քաշը` 31,1 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Չինական կերամիկա

Խեցեգործության հազարամյակների պատմության վկայությունը չինական կերամիկայի հարուստ մշակույթն է: Չինաստանում հայտնաբերված կավեղեն հնագույն առարկաների ձևերը և գույները աստիճանաբար հարստացան նրբագեղ ուրվագծերով և երանգներով, իսկ տեղական կավի մշակման տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ի հայտ եկան ճենապակյա բազմաթիվ առարկաներ:    

Ճենապակու խոշոր կենտրոն է Չինաստանի Ցզյանսի նահանգի Ցզինդեճեն բնակավայրը, որն իր անունը ստացել է կերամիկական արտադրանքի վրա մակնշված «պատրաստված է Ցզինդե կայսեր կառավարման ժամանակ» արտահայտությունից: Կառուցված լինելով կավաբեր հողի վրա՝ Ցզինդեճենը  զարգացրել է ճենապակու արտադրությունը, ինչի համար էլ կոչվել է Չինաստանի «ճենապակյա մայրաքաղաք»: 
Ցզինդեճենի ճենապակու նմուշներից է Ցին հարստության օրոք պատրաստված ափսեն՝ ջնարակված և կոբալտով ներկված վիշապի պատկերով:
Ճենապակյա ափսեն պահվում է Սինսյան թանգարանում (Հենան նահանգ,  Չինաստան):

Դիմերես` ՀՀ զինանշանը և ազգային զարդանախշեր:
Դարձերես` ճենապակյա ափսեն չինական զարդանախշի համապատկերին:  

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Չափը` 40 × 40 մմ
Քաշը` 31,1 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հայկական կերամիկա

Ռուսական կերամիկա

Հունական կերամիկա

Իրանական կերամիկա

Չինական կերամիկա