Միջոցառումների օրացույց

10:00

17

Ապր

2012

Երեքշաբթի

Իրադարձություն


«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդես Աշտարակում

2012 թ. ապրիլի 17-ին Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որը Արագածոտնի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ողջունելով միջոցառման հյուրերին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսը երկու նպատակ է հետապնդում. ճանաչողական՝ հանրությանը ներկայացնել Հայաստանի դրամանիշերի պատմությունը, և կրթական՝ մարդկանց ծանոթացնել Կենտրոնական բանկի գործունեությանը, հիմնական ֆինանսատնտեսական հասկացություններին: Նա ասել է, որ այսօր հրամայական է դառնում բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայություններին ծանոթ լինելը՝ դրանցից լիարժեք օգտվելու համար:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսներ կազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում: